Թբիլիսիում Հովհաննես Թումանյանի բնակարանի հարևանությամբ բնակվող մեծ գրողի բարեկամուհին համաձայնվել է վաճառել իր բնակարանը: Այս մասին փետրվարի 18-ին լրագրողներին տեղեկացրեց Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:

 

 

«Թումանյանի Թբիլիսիի տանը հետագայում պետք է գործի մշակութային կենտրոն. տունը գնելուց հետո փոխանցվել էր Թբիլիսիի հայ մշակույթի կենտրոնի տնօրինությանը: Եվ այդ տարածքին միացնելով Թումանյանի բարեկամուհուց գնվելիք բնակարանը՝ հնարավոր կլինի ստեղծել ավելի մեծ կենտրոն», - ասաց Էդվարդ Միլիտոնյանը:

 

 

«Թումանկանի հիմնած Վերնատունը դարձավ մեր մշակույթի և գրականության մի քուրա, որտեղ արծարծվում էին բազմաթիվ մշակութային, գրական հարցեր, ազգային խնդիրներ: Երբ կարդում ես Վերնատան գործունեության պատմությունը՝ տեսնում ես, որ դա, կարծես, մի ինստիտուտ էր, որտեղ Հովհաննես Թումանյանը, Ավետիք Իսահակյանը, Դերենիկ Դեմիրճյանը, Լևոն Շանթը, Նիկոլ Աղբալյանը հավաքվում էին, քննարկում, ստեղծում գաղափարներ, վերարժևորում մեր դասականներին և մի մթնոլորտ ստեղծում, որը տարածվում էր մեր ողջ հայության մեջ», - ասաց Էդվարդ Միլիտոնյանը:

 

 

Հովհաննես Թումանյանի թբիլիսյան տան մի մասը հայկական կողմին հաջողվեց գնել 2012 թվականի փետրվարին: Թումանյանի տան մի հատվածի գնումը, որը նախկինում պատկանում էր վրացի սեփականատիրոջ, հնարավորություն եղավ իրականացնել Հայաստանի գրողների միության նախագահ երջանկահիշատակ Լևոն Անանյանի ջանքերով և Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ֆինանսական աջակցության շնորհիվ: