ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը արձագանքեց «Հայաստանում քաղաքական ճգնաժամի մասին» հայտարարության նախագծի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի ելույթին: ԱԺ փոխնախագահը, ելույթ ունենալով ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ ուշադրությամբ լսել է Լևոն Զուրաբյանի ելույթը և ակամայից հիշ ել է ֆրանսիական բուրբոններին, ում մասին ասել են.
«Նրանք ոչինչ չեն մոռացել և ոչինչ էլ չեն սովորել»: «Հիմա խոսում ենք ճգնաժամի մասին, և ես կփորձեմ խոսել փաստերով: Այո, Հայաստանում կա ճգնաժամ, խորհրդարանում կա ճգնաժամ, քաղաքական դաշտում կա ճգնաժամ, սակայն դա ոչ թե կառավարման ճգնաժամ է, այլ ընդդիմության կամ ընդդիմության մի հատվածի ճգնաժամն է: Դրա վառ ապացույցն այստեղ է: Ձեր ներկայացրած փաստաթղթի տակ, որը մենք քննարկում ենք, ստորագրել է մի ամբողջ խմբակցություն, որն այս պահին ձեզ հետ չէ, ձեր գաղափարները չի կիսում: Այսինքն՝ նրանց բացա կայությունը դրա մասին է խոսում: Բացակաների մասին խոսում են կամ լավը կամ՝ ոչինչ: Դրա համար ես հիմա ձեռնպահ կմնամ նրանց մասին խոսելուց»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտարարեց Շարմազանովը:
Նրա գնահատմամբ՝ քանի դեռ Հայաստանում քաղաքական պայքարը գաղափարական չէ, քանի դեռ ամեն ինչ անձնավորված է, և դա արվում է հենց ընդդիմության կողմից, քաղաքական դաշտում լինելու է ընդդիմության ճգնաժամ: «Որովհետև մենք քննադատում ենք ոչ թե երևույթները, այլ քննադատում ենք անձանց: Մենք ասում ենք, եթե այս մարդն իմն է, ուրեմն լավն է: Ես կարող եմ Նիկոլ Փաշինյանի կարծիքի հետ համամիտ լինել, կարող եմ Լևոն Զուրաբյանի կարծիքի հետ համամիտ լինել կամ չլինել, սակայն ընդդիմությունը պետք է ունենա գործիք, իսկ այդ գործիքը պայքարն է Սահմանադրության շրջանակերում:
Հիմա այս դահլիճում ի՞նչ կատարվեց: Ձեր գործընկերներից մեկը (Նիկոլ Փաշինյանը) այսօր առաջարկեց անվստահության ճանապարհ, երբ ներկայացրել էր ՀՀ Նախագահին պաշտոնանկ անելու մասին նախագիծ, սակայն դուք, առաջնորդվելով ձեր հայտնի գաղափարով, որ հատակի փայտ լինի՝ ՀՀՇ-ից լինի: Ասացիք' քանի որ սա մենք չենք առաջարկել, ուրեմն չենք ընդունում: Ասում եք' մենք մի ժամ հետո ունենք առաջարկ, կգանք' սա կանենք: Սա որևէ տեղ չտանող ճանապարհ է: Բնակաբանար, մեծամասնությունն ունի իր կարծիքը, դեմ քվեարկեց այդ նախագծին: Սակայն եթե դուք ազնիվ եք, անկեղծ եք մեր հասարակ ության հետ, կանգնեք ու ասեք, որ կապ չունի, թե Նիկոլ Փաշինյանն է առաջարկել, Ռուբիկ Հակոբյանը թե Նաիրա Զոհրաբյանը' եկեք միանանք: Սակայն դուք նույնիսկ այստեղ չեք կարողանում միավորվել»,- շեշտեց ԱԺ փոխնախագահը:
Շարմազանովն ընդգծեց, որ ՀԱԿ-ը վերջին տարիների ընթացքում՝ որպես քաղաքական միավոր, վեր էր ածվել մի քաղաքական ուժի վերջին վագոնի: «Եվ հիմա դուք ցայտնոտի մեջ եք: Քանի որ քաղաքական ուժը չի գնում ցնցումների ճանապարհով, գերադասում է կառուցողական ոճը, գիտակցում է, որ Հայաստանին պետք չեն ցնցումներ, այլ պետք է ուժեղ Հայաստան: Դուք այսօր ցայտնոտի մեջ եք, և ձեր դեմքը փրկելու համար փորձում եք Հռոմի Պապից ավելի կաթոլիկ երևալ, սակայն դուք Հռոմի Պապից ավելի կաթոլիկ չեք»,- ընդգծեց նա:
Շարմազանովի համար անհասկանալի է, թե ինչպես է ՀԱԿ-ը խոսում ճգնաժամից, երբ իրենք են ճգնաժամի մեջ: «Դուք 7 հոգանոց խմբակցություն ունեք, սակայն 9 տարբեր երգ եք երգում: Նույնիսկ այս քննարկման ժամանակ ձեր խմբակցության մեծ մասը ներկա չէ:
Այն, որ ձեր ներկայացրած հարցը նույնիսկ ձեր խմբակցության ներկայացուցիչներին հետաքրքիր չէ, խոսում է այն կարևոր փաստի մասին, որ սա մտացածին, շինծու օրակարգ է: Ես ուզում եմ, որ դուք հասկանաք, որ մենք չենք ասում, թե մեր երկրում ամեն ինչ կարգին է, որևէ խնդիր չկա: Մեր երկրում կան բազմաթիվ խնդիրներ, բազմաթիվ անարդաություններ, սակայն ընդդիմությունն իր աչքի գերանը չի տեսնում և ուրիշի աչքի փուշն է տեսնում. խնդիրը սրա մեջ է: Մենք պետք է կարողանանք կառուցողկաան, գաղափարական պայքար մղել: Հայ հասարակությանը, հայաստանյան քաղաքական դաշտին հարկավոր է գաղափարական պայքար: Ընդդիմության դաշտում ռևանշիստներ անհրաժեշտ չեն, այլ անհրաժեշտ է առողջ մթնոլորտ»,- հայտարարեց Շարմազանովը:
ԱԺ փոխնածագահը վստահեցրեց, որ իրենք պատրաստ են առողջ պայքարի, պատրաստ են լսել ամենասուր քննադատությունները: «Բայց արձանագրում եմ, որ նույն այսօրվա քննարկումը նույնիսկ ձեր խմբակցության անդամներին հետաքրքիր չէ, նույնիսկ դուք չպաշտպանեցիք նույնանման հայտարարության նախագիծը, և այն, որ ձեր ներկայացրած նախագծի տակ ստորագրած մի ամբողջ խմբակցություն այստեղ չէ, ձեզ ցայտնոտի մեջ է դրել: Դուք հայտնվել եք քաղաքական գործընթացների լուսանցքում: Ձեր մեջ խոսում է ոչ թե առողջ բանականությունը, առողջ քննադատությունը, այլ, միգուցե, վիրավորանքը, միգուցե, գիտակցումը, որ դուք քաղաքական դաշտում այլևս անելիք չունեք»,- եզրափակեց ԱԺ փոխնախագահը: