Ուսումնասիրված 29 բուհերում սովորում է 73581 ուսանող, որոնցից 339-ը ունեն հաշմանդամություն. ըստ բուհերի տրամադրած պաշտոնական տվյալների, հաշմանդամություն ունեցող ուսանողները կազմում են հետազոտված բուհերի ուսանողների ընդհամենը 0,5%: Այս մասին նշվել է փետրվարի 24-ին ներկայացված «Հաշմանդամություն ունեցող անձանց համար բարձրագույն կրթ ության ֆիզիկական և ծրագրային մատչելիության, ինչպես նաև ակադեմիական ներառականության ուսումնասիրման» ծրագրի արդյունքների ամփոփման ժամանակ: Այն իրականացվել է «Ունիսոն» ՀԿ կողմից՝ ԵԱՀԿ աջակցությամբ:
Վիճակագրության համաձայն, հաշմանդամություն ունեցող ուսանողների մեծամասնությունը՝ 58,7%, ունեն երրորդ խմբի հաշմանդամություն, 19,5%-ը՝ երկրորդ խմբի հաշմանդամություն, 5,3% -ը՝ առաջին:
«Միևնույն ժամանակ, վիճակագրությունը լիարժեք չէ. հաշմանդամություն ունեցող ուսանողների 16,5% -ի վերաբերյալ բուհերը տեղեկություն չունեն, և նույնպես վերջիններս անտեղյակ են հաշմանդամություն ունեցող ուսանողության 48,4%-ի հաշմանդամության տեսակի վերաբերյալ», - նկատեց «Ունիսոն» ՀԿ նախագահ Արմեն Ալավերդյանը:
Հետազոտության ընթացքում հարցվածները նշել են, որ ուսումնական և կրթական ծրագրերի մատչելիությունը ապահովված է հաշմանդամություն ունեցող ուսանողների համար: Սակայն, իրականում, կրթական ծրագրերը բոլոր ուսանողների համար նույնն են' անկախ նրանից՝ ուսանողը ունի հաշմանդամություն, թե ոչ:
«Հաշմանդամություն ունեցող ուսանողների համար կրթական համակարգը պետք է հարմարեցված լինի, սակայն դա չի նշանակում, որ դասախոսները պետք է ուղղակի բարձր գնահատական դնեն միայն այն պատճառով, որ անձն ունի հաշմանդամություն: Ընդհամենը, հաշմանդամություն ունեցող ուսանողների համար, օրինակ, առաջադրանքի համար պետք է տան ավելի շատ ժամանակ, որպեսզի կարողանան պատշաճ պատրաստվեն: Վերջիններս պետք է ունենան լավ կրթություն և գիտելիքներ, որպեսզի կարողանան դառնալ լավ մասնագետ և մրցունակ լինեն աշխատաշուկայում», - հավելեց Արմեն Ալավերդյանը:
Հարցմանը մասնակցել են Երևանի, Գյումրիի, Վանաձորի պետական, մասնավոր և միջպետական 29 բուհեր: Հետազոտության արդյունքների համաձայն, հարցված 29 համալսարանից 28-ում չկան բրայլյան ցուցատախտակներ, համալսարանների մասնաշենքերը հարմարեցված չեն հենաշարժողական խնդիր ունեցող մարդկանց համար:
Սակայն, այսպիսին է հարցված բուհերում հենաշարժողական խնդիրներ ունեցող ուսանողների կազմը. 9,7%, տեսողական խնդիրներ՝ 7,4%, լսողական խնդիրներ՝ 1,2%, խոսքային խնդիրներ՝ 1,2% և այլ հաշմանդամություն՝ 32,1%: Ի դեպ, հարցման արդյունքում պարզվել է, որ հաշմանդամություն ունեց ող ուսանողների 68,1%-ը կրթվում է առկա ուսուցման համակարգում:
Պաշտոնական տվյալների համաձայն, այսօր Հայաստանում գրանցված է հաշմանդամություն ունեցող 200 հազար մարդ, իսկ Համաշխարհային առողջապահական կազմակերպության տվյալների համաձայն՝ աշխարհում բնակչության 15%-ն ունի հաշմանդամություն: