Կոտայքի մարզի գյուղական համայնքերում մեկնարկել են առողջապահական բարեգործական ծրագրեր, որի շրջանակներում մարզի խոշոր առողջապահական կենտրոնների բժիշկ-մասնագետները անվճար հետազոտություններ են իրականացնում: Բարեգործական ծրագիրը մեկնարկել է մարզպետ Արամ Հարությունյանի և «Հայկական ակնաբուժական նախագիծ» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ:

 

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հերթական առողջապահական ծրագիրը տեղի է ունեցել Աղավնաձոր համայնքում: Մարզի առաջատար բժիշկները բնակչության շրջանում իրականացրել են աչքի, կրծքագեղձի և վահանձև գեղձի, որովայնի խոռոչի օրգանների սոնոգրաֆիա, էլեկտրոսրտագրություն, ինչպես նաև այլ հետազոտություններ ու մատուցել են մեթոդական և խորհրդատվական ծառայություններ:

 

 

Այդ ամենին զուգահեռ մարզի բժիշկների մեկ այլ խումբ Աղավնաձորի միջնակարգ դպրոցում' աշակերտների շրջանում, իրականացրել է աչքի հետազոտություն: Համայնքում նախապես հրապարակվել է համապատասխան հայտարարություն և առողջապահական ձեռնարկի հնարավարություններից օգտվել են համայնքի ավելի քան 300 բնակիչներ:

 

 

Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանի հանձնարարությամբ' բժկական հետազոտություն անցած և որոշակի սոցիալական խմբերում ընդգրկված բնակիչներին տրվելու են նաև մարզի բժշկական կենտրոններում հետագա բուժման կուրս անցնելու հնարավորություններ, իսկ բարեգործական ծրագրի հաջորդ փուլում, մարզպետարանի հետ համագործակցության արդյունքում «Հայկական ակնաբուժական նախագիծ» բարեգործական հիմնադրամի կողմից (ըստ անհրաժեշտության) հատկացվելու են նաև անվճար ակնոցներ:

 

 

Մարզի առոջղջապահության բնագավառի պատասխանատուների փոխանցմամբ' համայնքներում իրականացվելիք աչքի հետազոտությունների արդյունքում' սոցիալապես անապահով խմբերում ընդգրկված քաղաքացիների համար նախատեսվում է աչքի շարժական հիվանդանոցում իրականացնել վիրահատություններ' ապրիլի 20-ից մայիսի 8-ն ընկած ժամանակահատվածում: