Համաշխարհային բանկի ներդրած Էներգախնայողության ծրագրի շնորհիվ վեց տարվա ընթացքում Հայաստանում հնարավոր է եղել խնայել մոտ 360 մլն դոլար: «Արմենպրես»-ի փոխանցմամբˋայս մասին հայտնում է «CISTran Finance Reports»-ը:

 

 

Կայքի համաձայնˋ հայաստանյան հաստատությունները սկզբում դժվարությամբ են ընդունել հանրային էներգախնայողության ծրագ րերում ներդրումներ կատարելու բանկի առաջարկը: Ըստ Համաշխարհային բանկիˋ նման ներդրումների վերադարձելիությունը մեծ և տեսանելի է լինում 2-10 տարում:

 

«Միանգամայն անիրատեսական էր թվում, որ ջեռուցման համակարգի նորացման, դռներն ու լուսամուտները փոխելու, ձեղնահարկն ու պատերը ջերմամեկուսացնելու միջոցով մենք կկարողանանք կրճատել էներգիայի ծախսերը և վեց տարում վերադարձնել ներդրումները»,- ասել է Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանըˋ հավելելով, որ ծրագրի շնորհիվ իրենք նաև նոր տեխնոլոգիաներ, աշխատակազմի և սահմանափակ ռեսուրսների արդյունավետ օգտագործման մեխանզիմներ են ներդրել:

 

 

Ներկայումս Համաշխարհային բանկի Էներգախնայողության ծրագրում ընդգրկված է ավելի քան 40 հաստատություն, որոնցից են Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, Մասիսի բժշկական կենտրոնը: Բանկի տվյալներովˋ մինչև հունիս ծրագրին կմիանան մոտ 100 նոր հաստատություն: Մինչ այժմ ծրագրում ներգրավված հաստատությունները 3.5 մլն դոլարի ներդրումներ են կատարել: