Քաղաքական պայքարի դաշտ մտնող յուրաքանչյուր գործիչ պետք է հաշվի առնի, որ ամեն մի նոր հիասթափություն բերում է արտագաղթի նոր ալիքի: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վահան Շիրխանյանը: «Ես չեմ համարում, որ Հայաստանում եղել է ընդդիմություն: Ընդդիմություն նշանակում է քաղաքական կառույց՝ հիմնված գաղափարական ինչ-որ դրույթների վրա:

 

 

Ընդդիմությունը, որն, ասում եք, թե փոշիացել է, գաղափարական հիմքեր չուներ: Եթե պայքարը չունի գաղափարական հիմքեր, այն քաղաքական պայքար չի կարելի կոչել, այն պայքար էր իշխանությունը վերցնելու համար: Հաշվի առնելով, որ այնտեղ հավաքվել էին խիստ տարբեր հայացքների տեր մարդիկ, և քաղաքական պայքարի ու գաղափաների ընդհանրություն լինել չէր կարող, պետք էր նախօրոք ենթադրել, որ վախճանը հենց այդպիսին էլ լինելու էր»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Վահան Շիրխանյանը:

 

 

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանն էլ այն կարծիքին է, որ ընդդիմություն Հայաստանում եղել է ու միշտ կլինի, պարզապես խնդիրն այն է, թե ինչ առանցքի շուրջ է համախմբվում այդ ընդդիմությունը: «Եթե կա իշխանություն՝ կա դժգոհ զանգված, եթե կա դժգոհ զանգված՝ կա ընդդիմություն: Խնդիրն այն է, թե ինչին է ձգտում այդ ընդդիմությունը: Երբ կուսակցությունները միավորվում են նպատակային ու գաղափարական հենքով, ընդդիությունը կմիավորվի ու հասարակություն էլ կհավատա նրանց: Ընդդիմության ցավն այն է, որ չկարողացան նպատա կը տեսնել. ամեն մեկն իր նպատակներն ուներ՝ մեկը մյուսին հակասող: Նրանք փորձում էին միավորվել, իշխանափոխություն անել, բնականաբար, չէր ստացվելու»,-նշեց պատգամավորը:

 

 

Անդրադառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին ելույթին՝ Վահան Շիրխանյանը նշեց, որ ՀՀ առաջին նախագահը ցանկանում է, որ պետությունը շարժվի իր նշած ուղով: «Ես համաձայն չեմ առաջին նախագահի հետ, որ ասում է՝ կարգավորել Թուրքիայի հետ հարաբերությունները, երբ Թուրքիան միայն նախապայմաններ է թելադրում, Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորել փոխզիջումով, երբ սեղանին ունենք Մադրիդյան սկզբունքներ, որը Արցախի կապիտուլյացիայի առաջարկ է, ոչ թե կոնֆլիկտի կարգավորման»,- շեշտեց նախկին պաշտոնյան:

 

 

Լեռնիկ Ալեքսանյանի համոզմամբ էլ՝ առաջին նախագահն այսօր իր իրական սկզբունքներով է հանդես գալիս: «Նրա այս քայլը գաղափարական ընդդիմություն ձավորելու առիթ կարող է հանդիսանալ, որը ես դրական եմ գնահատում»,- եզրափակեց պատգամավորը: