Թուրքիայի Հանրապետության պետական դրոշը հերթական անգամ պղծվել է:

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի կայքը:

 

Թուրքիայի հարավարեւելյան Հաթայի (Անտիոք) նահանգի Դորդյոլ շրջանում փետրվարի 28-ին երեկոյան ժամը 20:30-ին անհայտ անձինք հանել եւ իրենց հետ տարել են Ընտանիքի առողջության կենտրոնի բակում ամրացված թուրքական դրոշը:

 

Մյուս դեպքը տեղի է ունեցել Անթալիայի նահանգի Մուրադփաշա շրջանում: Այստեղ մարտի 1-ին գիշերը ժամը 00:30-ին 4-հոգիանոց խումբը իջեցրել է «Մեհմեդ Աքիֆ Էրսոյ» կրոնական դպրոցի բակում ամրացված թուրքական դրոշը:

 

Թուրքիայում այդ երկրի պետական դրոշը դրոշաձողերի վրայից իջեցվելու եւ պղծելու, ինչպես նաեւ Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Աթաթուրքի հուշարձանները շրջելու, դրանց վրա ներկ լցնելու միջոցով պղծելու դեպքերը շատացել են:

 

Որոշ վերլուծաբաններ նման դեպքերի հաճախակիանալը կապում են Թուրքիան 2003 թվականից որպես վարչապետ, 2014 թվականից' որպես նախագահ արդեն 12 տարի կառավարող Ռեջեփ Թայիփ Էրդողանի' երկիրը դեպի իսլամացում եւ սուլթանական կառավարում տանող քաղաքականության դեմ մարդկանց բողոքի հետ: