Կառավարության նիստից հետո' լրագրողների հետ զրույցում, ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը մտահոգիչ համարեց երեկ «Նուբարաշեն» քկհ-ի մոտակայքում տեղի ունեցած սպանության դեպքը:

 

Լրագրողների այն հարցին, թե ինչի հետևանք է դեպքը, երբ օրը ցերեկով նման դեպք է տեղի ունենում, նախարարը պատասխանեց. «Քննությունը պետք է տա դրա պատասխանը»:

 

Հարցին էլ, թե իրավունք չունեի՞ն քկհ-ի անվտանգությունը հսկող ծառայողները դեպքի ժամանակ գործառույթներ իրականացնել՝ Մանուկյանն ասաց, որ դրանք բնորոշ են ոստիկանությանը կամ քննչական ծառայություններին: Դեպքը, սակայն, տեղի չի ունեցել քորեակատարողական հիմնարկի տարածքում:

 

Հիշեցնենք, որ երեկ՝ մարտի 4-ին կրակոցներ էին հնչել «Նուբարաշեն» քկհ-ի մոտակայքում: Կրակոցների հետևանքով մահացել է երեք անձ՝ Թադևոսյան Դրաստամատ Հակոբջանի, Ղազարյան Լևոն Միհրանի, Նազարյանց Մեսրոպ Ալեքսանդրի։

 

Հնչած կրակոցների դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 235-րդ հոդվածով։