Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հուշարձան կկանգնեցվի ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Կոստա Մեսա քաղաքի Սուրբ Մարիամ հայկական եկեղեցու բակում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ամերիկյան Daily Pilot կայքը, հուշարձանի կանգնեցման արարողությունը տեղի կունենա մարտի 8-ին: Այն սև գրանիտե պատվանդանի վրա կանգնեցվա ծ սպիտակ մարմարե սյուներից կազմված քանդակ է: Սյուները միմյանց միացված են խաչով: Հուշարձանի մոտ նախատեսվում է կառուցել նաև ցայտաղբյուր, անմար կրակի համար նախատեսված վայր և այգի:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ հայկական եկեղեցին հիմնել էր հիշատակի հանձնաժողով և մրցույթ հայտարարել հուշարձանի դիզայնի համար: Արդյունքում ընտրվել էր Բըրբենկի բնակիչ Հարութ Ջուլհայանի նախագիծը:
Քանդակի դիզայնի հեղինակը ծնվել է Սիրիայում և ԱՄՆ տեղափոխվել 10 տարի առաջ: Նա մասամբ ոգեշնչվել է ցեղասպանությունը վերապրած իր տատի ու պապի պատմությունից և փորձել է քանդակի միջոցով արտահայտել տրտմության և հույսի միաձուլումը:
«Շատրվանը, անմար կրակը և սև գրանիտը խորհրդանշում են մեր ողբերգական անցյալի հիշողությունը և 1.5 միլիոն հայերի կյանքն ու անմահությունը: Սպիտակ սյուները խորհրդանշում են մեր նոր սերունդը և լուսավոր ապագան, այն, որ մենք ապրում ենք այս անկախ երկրում և կարող ենք ազատ արտահայտել մեր հույզերը: Իսկ դրանք միացնող խաչը խորհրդանշում է մեր քրիստոնեական հավատքը և հավատամքը»,- ասել է նա:
Հուշարձանի կանգնեցման միջոցառումից հետ ոգեկոչման արարողություն տեղի կունենա, որին կմասնակցի Հայ Առաքելական եկեղեցու ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Հովնան Տերտերյանը: