ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը մարտի 9-ին հյուրընկալել է ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ռիչարդ Միլսին: Նախարարը շնորհավորել է դեսպան Միլսին պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ ու բեղմնավոր աշխատանք: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Երվանդ Զախարյ անը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ կառավարությանը Հայաստանի էներգետիկ ոլորտին, մասնավորապես, Հայկական ատոմային էլեկտրակայանի անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված ծրագրերին շարունակական աջակցություն ցուցաբերելու համար:

 

Հանդիպման մասնակիցները գոհունակություն են հայտնել էներգետիկ բնագավառում հայ-ամերիկյան համագործակցության արդյունքներից ու ընթացքից: Դեսպան Ռիչարդ Միլսի խնդրանքով նախարար Երվանդ Զախարյանը ներկայացրել է էներգետիկ ոլորտի ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները:

 

Ռիչարդ Միլսը նշել է, որ Հայաստանի էներգետիկ ոլորտը կարևորագույն ոլորտ է ԱՄՆ կառավարության համար: Նա հույս է հայտնել, որ առաջիկայում ևս էներգետիկ բնագավառում հայ-ամերիկյան համագործակցությունը կշարունակվի նույնքան արդյունավետ: