Շիրակի մարզի դատախազը մարզում հանցավորության դինամիկան անկանխատեսելի է համարում: Այս մասին մարտի 9-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը՝ անդրադառնալով վերջին 2 օրում Գյումրիում տեղի ունեցած կրակոցների և սպանությունների դեպքերին. արձանագրվել է 3 դի, 7 վիրավոր:
«Հանցավորության դինամիկան միշտ անկանխատեսելի է, և իրավապահ մարմինների ներկայացուցիչներս չենք կարող երբևէ ասել, թե այդ պահին քանի հանցագործություն կարձանագրվի և ինչ հաջորդականությամբ, կամ ՀՀ որ վարչական տարածքում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' նշեց Րաֆֆի Ասլանյանը:
Մարտի 7-ին' ժամը 23:30-ից մինչև մարտի 8-ի ժամը 00:40-ն ընկած ժամանակահատվածում, Գյումրիի բժշկական կենտրոնից ահազանգեր են ստացվել, որ Գյումրի քաղաքի Մյասնիկյան փողոցի 165 տան դիմաց տեղի է ունեցել միջադեպ, տարբեր մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 6 անձ, ինչի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության վարույթով հարուցվել է քրեական գործ' ՀՀ քրեական օրենսգրքի 3 հոդվածներով:
Մարտի 8-ին« ժամը 13.00-ին, Գյումրիի շտապօգնության կայանից ոստիկանության Ախուրյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Մայիսյան գյուղի վարչական տարածքում գտնվող դիտահորի մեջ հայտնաբերվել է տղամարդու դիակ' կախված վիճակում: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հայտնաբերվածը Գյումրիի բնակիչ, 1989 թ. ծնված Արթուր Աֆյանի դիակն է' մետաղալարով կախված և սառած վիճակում: Արթուր Աֆյանը փետրվարի 21-ից ոստիկանության Մուշի բաժնի կողմից որոնվում էր որպես անհայտ կորած: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Քննությունը շարունակվում է:
Շիրակի մարզի Փոքրաշեն գյուղի հարակից ձորակ գլորված մեքենայից հայտնաբերվել էր Գյումրու բնակիչ« 31-ամյա Քրիստ Վարդանյանի դին: Նույն օրը մեկ այլ դի հայտնաբերվել է նաև Շիրակի մարզի Մայիսյան գյուղի հարակից տարածքում գտնվող մատուռում: Մարտի 9-ին' ժամը 03:15-ին, սուր կտրող-ծակող գործիքով հասցված վնասվածքով, «Գյումրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկ 31 շենքի 11 բնակարանի բնակիչ' 1992 թվականին ծնված Լեւոն Վահրամի Ժամակոչյանը: Վերջինիս առողջական վիճակը գնահատում է միջին ծանրության: Լեւոն Ժամակոչյանի կյանքին վտանգ չի սպառնում:
Արմենուհի Մխոյան