Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության կազմավորման 128-րդ տարեդարձը նշանավորվեց կուսակցական հավաքով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ' հավաքը բացվեց ՀՀ և ՍԴՀԿ օրհներգներով, որից հետո իր օրհնությունը բերեց Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչ Ոսկան արքեպիսկոպոս Գալփակյանը, ով նշեց' «հոգևորական եմ' ծածկված հեղափոխականի ոգով»:
«Եթե Հնչակ լինելը ժառանգական է, ուրեմն ժառանգական ձևով ես էլ պետք է լինեմ Հնչակյան, քանի որ հայրս էլ էր Հնչակ: Սա կատակ է' որոշ ճշմարտությամբ: Ինձ համար սոցիալիզմի գաղափարը միշտ եղել է քրիստոնեական գաղափարի քաղաքական միջոց: Ես իմ օրհնությունը տալուց առաջ ուզում եմ կարդալ այն տողերը, որ գրված են Ավետարանում, Քրիստոսի խոսքերը, որում ասվում է' «Եթե ունես երկու շապիկ, մեկը տուր նրան, ով չունի, եթե ճաշ ես ուտում ու գիտես, որ կողքինդ չունի, նրան էլ տուր»: Քրիստոսի այս խոսքերից կարելի է հասկանալ, որ մարդկությունը ունեցվածքը պետք է բաժանի արդարորեն, այսինքն ' սա կարծես թե սկիզբն է մարդկության սոցիալիզմի»,-ասաց Ոսկան արքեպիսկոպոս Գալփակյանը:
Հոգևորականի խոսքով' եկան մարդիկ, ովքեր սոցիլալիզմը քաղաքականացրին, բայց նրանք, ովքեր հատկապես սոցիալ-դեմոկրատ գաղափարախոսությունը քարոզեցին, ոչնչով հակառակ չեղան Քրիստոսի խոսքերին ու պատվիրաններին: «Ես ասացի և կրկնում եմ' սոցիալիզմի գաղափարախոսությունը քաղաքական միջոց է Քրիստոսի գաղափարախոսության տարածման: Ես այս սկզբունքով եմ մոտենում սոցիալ-դեմոկրատական կուսակցությանը»,-եզրափակեց Ոսկան արքեպիսկոպոս Գալփակյանը:
Ելույթ ունեցավ ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միության վարչության անդամ Վարազդատ Փանոյանը, ով անդրադարձավ երիտասարդների արդի խնդիրներին: Նա առանձնահատուկ շեշտադրեց 2015-ին համայն հայության միասնականության կարևորությունը: