Կյանքից հեռացել է Հայաստանի ներքին գործերի նախկին նախարար Վլադիմիր Դարբինյանը:

 

Վլադիմիր Դարբինյանը ծնվել է 1931 թվականին, Իջևանի շրջանի Աչաջուր գյուղում: Երևանի պետական համալսարանի պատմության, այնուհետև իրավաբանական ֆակուլտետներն ավարտելուց հետո նա անցել է կուսակցական աշխատանքի: 1969 թվականից մինչև 1975 թվականը Վլադիմիր Դարբինյանը Հայաստանի ներքին գործերի նախարարն էր:

 

Ներքին գործերի նախարարության և նրա ստորաբաժանումների գործունեության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով նրա պաշտոնավարության տարիներին մի շարք կարևորագույն խնդիրներ լուծվեցին, մասնավորապես, կադրային, նյութատեխնիկական բազայի և համակարգի աշխատողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման բնագավառներում: Զգալի աշխատանք կատարվեց ներքին գործերի շրջանային բաժինները և նախարարության վարչությունները տեխնիկական միջոցներով հագեցնելու ուղղությամբ: Մշտապես ուշադրության կենտրոնում էր հանցագործությունների կանխարգելման, հասարակական կարգի պահպանման խնդիրը:

 

Հետագայում Վլադիմիր Դարբինյանը մի շարք պատասխանատու պաշտոններ վարեց՝ Արդարադատության նախարարի տեղակալ, Հանրապետության իրավաբանների միության նախագահ, Սարդարապատի հուշահամալիրի գլխավոր տնօրեն:

 

Բարձր պատասխանատվության, կատարողական կարգապահության, հաջողությունների վկայությունը շքանշաններն ու բազմաթիվ մեդալներն են, որոնց նա արժանացել է աշխատանքային գործունեության ընթացքում:

 

Պետական մտածողությամբ քաղաքացու, օրինակելի մարդու, լավ ընկերոջ հիշատակը միշտ կմնա նրան ճանաչողների սրտերում: