Տնտեսական պատճառներով ներքին միգրացիայի հետ կապված երկրի բնակչության 35-40 տոկոսը բնակության վայրում հաշվառված չէ, ինչը խոսում է այն մասին, որ ներքին միգրացիայի գործընթացների կարգավորման գործում լուրջ խնդիրներ կան եւ առկա վիճակագրությունը իրականությունը չի արտահայտում, ինչը խոսում է այն մասին, որ Ադրբեջանում ներքին միգրացիան անկառավարելի վիճակում է:

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, modern.az-ի հետ զրույցում հայտարարել է ներքին միգրացիայի գծով մասնագետ Ալովսաթ Ալիեւը:

 

Ըստ նրա' ներքին միգրացիայի գլխավոր պատճառներից մեկն այն է, որ շրջաններում բնակչության վատ տնտեսական վիճակը մարդկանց ստիպում է վաստակի մեկնել խոշոր քաղաքներ, գլխավորապես Բաքու, եւ այդ գործըթացը սկսվել է 2004 թվականից ու շարունակվում է այժմ եւս:

 

Ա. Ալիեւի կարծիքով, մյուս պատճառն այն է, որ որոշ չինովնիկներ պնդում են, թե հարկադիր վերաբնակները չեն ինտեգրվում տեղավորման վայրերում եւ շարունակում են պահանջել օգնություն ցուցաբերել իրենց: Օգտվելով հարկադիր վերաբնակների վիճակջց' այդ չինովնիկները թալանում են պետբյուջեն եւ օգուտներ ձեռք բերում: Հենց այդ պատճառով է, որ հարկադիր վերաբնակների մասին մինչ այժմ կենտրոնացված տեղեկատվական բազա գոյություն չունի: Այդ մարդիկ գրանցված չեն այն տներում, որոնք իրենք կառուցել են ապօրինի հիմունքներով:

 

«Հարյուրավոր ընտանիքներ, որոնք վաղուց Եվրոպայում բնակվում են փախստականի կարգավիճակով, Ադրբեջանում դեռեւս գտնվում են հարկադիր վերաբնակի ցուցակներում, եւ Նավթային հիմնադրամից ու բյուջեից նրանց համար հատկացվող գումարները չինովնիկների կողմից յուրացվում են», -ասել է փորձագետը:

 

Նրա խոսքով' ներքին միգրացիային նպաստել են նաեւ էկոլոգիական խնդիրները: Արանի տարածաշրջանում (Աղջաբեդի-Մինգեչաուր-Եվլախ) հողերի զանգվածային աղուտանալու, գյուղատնտեսական հողերի պակասելու եւ եկամտաբերության խիստ նվազելու պատճառով այդտեղի բնակչությունը արտագաղթում է դեպի լեռնային Շիրվանի (Աղսու-Գոբուստան-Շամախի) շրջաններ եւ Բաքու:

 

Միգրացիային նպաստում է նաեւ որոշ բնակելի վայրերում կենսական պայմանների' տարրական ջեռուցման, տեխնիկայի, խմելու ջրի բացակայությունը: Այդ մարդիկ զանգվածաբար մեկնում են Բաքու եւ առանց հաշվառման ստիպված տեղավորվում մայրաքաղաքում կամ շրջակա գյուղերում:

 

«Ներքին միգրացիայի կարգավորված չլինելը, բնակչության մասին հստակ վիճակագրական թվերի բացակայությունը, քաղաքացիների' պետական օգնությունից օգտվել չկարողանալը, շահագրգիռ մարդկանց պետական մարմինների հսկողությունից դուրս լինելը հանգեցնում է ընտրական ցուցակների անճշտության եւ կեղծումների», -ամփոփել է ադրբեջանցի մասնագետը: