Ադրբեջանական լրատվամիջոցները հերթական սուտ տեղեկատվությունն են հրապարակել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում ամռանը կայանալիք ընտրությունների վերաբերյալ: «Արմենպրես»-ի խնդրանքով Շվեդիայի ԱԳ նախարարությունը հայտարարեց, որ ի պատասխան ադրբեջանական ԱՊԱ-ի հարցմանը' ԼՂ ընտրությունների առնչությամբ ցիտել են միայն Եվրամիության' նախկինում արտահայտած մոտեցումը: Շվեդիայի ԱԳՆ-ի պատասխանը, սակայն, ադրբեջանական լրատվամիջոցները ներկայացրել են աղճատված և կեղծիքով:
Շվեդիայի արտգործնախարարությունը տրամադրել է պատասխանի այն տեքստը, որն ուղարկված է եղել ադրբեջանական ԱՊԱ-ին: Հաղորդագրության մեջ երևում է, որ Շվեդիան հղում է կատարել խնդրի վերաբերյալ ավելի վաղ ԵՄ արած հայտարարությանը' նշելով, որ ըտրությունները ԼՂ-ում չպետք է վնասեն ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը: «Շվեդիան աջակցում է հակամարտության կարգավորմանն ուղղված Մինսկի խմբի և երեք համանախագահների ջանքերին, ինչպես նաև կոչ է անում կողմերին կրկնապատկել ջանքերը գտնելու խնդրի բանակցային կարգավորում»,- նշված է եղել հայտարարության մեջ: Ի տարբերություն ԱՊԱ-ի հրապարակման' այստեղ չի եղել որևէ հիշատակում այն մասին, թե «Շվեդիան ընտրությունները համարում է ոչ օրինական»: