Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն է կիրառվել, և դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել:
Ինչպես «Արմենպրես» -ին տեղեկացրին ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից, «Շիրակ» օդանավակայանում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցը 2014թ. դեկտեմբերի 7-ին հաղորդել է, որ նշված օրը, ժամը 20:00-ի սահմաններում, հիշյալ օդանավակայանի սպասասրահում քաղաքացի Արթուր Ա.-ն կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, չենթարկվելով ոստիկանի օրինական պահանջներին' տվել անհասցե հայհոյանքներ, որի ընթացքում բռունցքով հարվածներ է հասցրել կրծքավանդակին ու, օգտվելով քաղաքացիների բազմությունից, դիմել է փախուստի:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործով Արթուր Ա.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով:
Նախաքննության ընթացքում Արթուր Ա.-ն, իր հերթին, հայտնել է, որ ՀՀ ոստիկանության աշխատակիցը ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ բռնություն է գործադրել իր նկատմամբ:
Գործի փաստական հանգամանքներով պայմանավորված' բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով, քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն և ընդունվել վարույթ:
Կատարվում է նախաքննություն:
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: