Շիրակի մարզպետարանում մարտի 27-ին, մարզի համայնքապետերի ներկայությամբ, կայացավ մարզի խորհրդի հերթական նիստը: Նիստին ներկա էին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն ու ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Կարեն Իսախանյանը:

 

 

Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, ողջունելով բոլորին, շնորհավորեց ընթացիկ տարվա մարտի 15-ին Անուշավան« Արփենի« Կարմրավան« Հառիճ և Սարակապ համայնքներում համայնքապետի ընտրություննների ժամանակ վերընտրված կամ նոր ընտրված գյուղապետերին: Այնուհետ Շիրակի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մովսես Մանուկյանը ներկայացրեց ամփոփ տեղեկատվություն մարզում իրականացվելիք գարնան գյուղատնտեսական աշխատանքների և ոռոգման համակարգերի նախապատրաստության, ոլորտում առկա խնդիրների վերաբերյալ:

 

 

Մարզը սեփական եկամուտների հավաքագրման մասով լավ ցուցանիշ է արձանագրել անցած տարի, սակայն դա չի նշանակում որ բոլոր համայնքները համազոր ունեցել են բարձր արդյունքներ: Եթե որոշ համայնքներ, ինչպես նախորդ տարի, այնպես էլ այս տարվա 2 ամիսների ընթացքում, գրանցել են 90 և բարձր տոկոս ցուցանիշ, ապա կան համայնքներ, որոնք նույնիսկ չեն հասել 50 տոկոսի սահամանին: Այս մասին տեղեկացրեց ՀՀ Շիրակի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ' Լիպարիտ Մարտիրոսյանը:

 

 

«Մարզի տարածքում այսուհետ ավելի խիստ վերահսկողություն կիրականացվի մարզի համայնքների վարչական սահմաններում գտնվող համայնքային և պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերի օգտագործման տրամադրման և վարձավճարների գանձման ուղղությամբ»,- նշեց մարզպետարանի աշխատակազմի հողաշինությ ան և հողօգտագործման բաժնի և մարզային հողային պետական տեսչության պետ Զորիկ Խաչատրյանը:

 

 

Մարզային խորհրդի վերջին զեկույցը կապված էր գարնանային հնարավոր հեղեղումների կանխարգելման« դրանց հետևանքների նվազեցման և վերացման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքներին, որը ներկայացվեց ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ Մարատ Սարիբեկյանի կողմից:

 

 

Նիստի ավարտին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը նշեց, որ Շիրակը միշտ եղել և մնում է հանրապետությունում հացահատիկի և սերմնարտադրության կարևոր շտեմարանը և այդ իսկ պատճառով կառավարության կողմից այս ուղղությամբ իրականցվող բոլոր ծրագրերը կյանքի են կոչվում՝ հաշվի առնելով Շիրակի դերը: «Այս ծրագրերի ամենամեծ շահառուն Շիրակի մարզն է: Այս ծրագրերը լինելու են շարունակական, բայց որպեսզի լինեն շարունակական, պետք է լինեն կայուն. չի կարելի վերցնել սերմնացուն և դրա համար չվճարել: Սերմնացուն բերվում է կոմերցիոն հիմքի վրա, և դրա համար պետք է կարգապահ լինեք վերադարձելիության առումով:

 

 

Ինչքան կարգապահ լինեք, այնքան ծրագրերը կշարունակվեն: Սա շատ կարևոր է: Երկրոդ խնդիրը կապված է բյուջեների հետ: Անցած տարի մարզն իր ցուցանիշներով բավական լավ արդյունք ցույց տվեց, բայց պետք է անկեղծ լինենք, որ այդ ցուցանիշը մարզի քաղաքային և խոշոր գյուղական համայքների շնորհիվ է գրանցվում. կան համայքներ, որոնք չեն մոտեցել 50 տոկոսի սահանին, և սրանք հիմնականում «քրոնիկ» խնդիր ունեն:

 

 

Այստեղ մենք պետք է հետևություն անենք. դա նշանակում է, որ այս համայնքներում տեղական ինքնակառավարման մարմիններ, կամ համայնքապետեր չկան, եթե սեփական եկամուտները կատարվում են 50 տոկոսի չափով, իսկ դրա մեջ ներառված է նաև դոտացիան, ուրեմն տվյալ համայնքնում ընդհանարապես հարկահավաքություն չկա»,- նշեց Վաչե Տերտերյանն՝ անդրադառնալով նաև հողի վարձակալության հետ կապված, Գյումրիում երկրորդ փրկարարական ջոկատի ստեղծման և Գյումրիի ստորգետնյա ջրային ցանցի բարեկարգման հետ կապված խնդիրներին:

 

 

«Այս խնդիրների առնչությամբ մենք ավելի հետևողական ենք լինելու և վստահ ենք, որ մարզպետարանի հետ համակարգված աշխատանքի արդյունքում ավելի լավ արդյունքներ կարձանագրենք 2015 թվականին»,-նշեց Վաչե Տերտերյանը:

 

 

Կատարված աշխատաքներին, մասնավորապես, համանքների կողմից եղած բացթողումներին անդրադարձավ նաև Շիրակի մարզպետը՝ կրկին անգամ փաստելով, որ այս տարվա ընթացքում ավելի հետևողական կլինի այն համայնքապետերի նկատմամբ, ովքեր իրենց «տեղում չեն» և չեն կարողանում իրականացել իրենց վերապահված գործառույթները:

 

 

Մարզի խորհրդից նիստից հետո ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը և ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Կարեն Իսախանյանը եղան մարզի Ճգնաժամային կառավարման կենտրոնում, ծանոթացան կենտրոնում կատարված շինվերանորոգման աշխատաքներին:

Արմենուհի Մխոյան