Հայաստանում ՌԴ պետդումայի պատգամավորներին կրկին ակնարկեցին, որ Ադրբեջանին սպառազինումը անմիջական սպառնալիք է տարածաշրջանի համար: ՌԴ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի ու ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովների համատեղ նիստից հետո մամուլի ասուլիսի ժամանակ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը նշեց, որ Հայաստանի սպառազինումը պաշտպանական նշանակություն ունի' ի տարբերություն Ադրբեջանի, որի սպառազինումը անմիջական սպառնալիք է տարածաշրջանի համար:
«Ես մի քանի անգամ առիթ ունեցել եմ ասելու, որ իրականում մեզ չի կարող չմտահոգել այն հանգամանքը, որ Ադրբեջանը սպառազինվում է: Անկախ այն հանգամանքից, թե որ երկիրն է սպառազինում Ադրբեջանին: Նախագահի մտահոգությունը, որը հայտնվել է նաև հրապարակայնորեն, կայանում է նրանում, որ մեր զինվորի մոտ առկա է այն հոգեբանությունը, որ Ադրբեջանից իր վրա կրակում են նաև ռուսական զենքով: Մենք շատ բարձր մակարդակի ռազմատեխնիկական համագործակցություն ունենք Ռուսաստանի հետ»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ' ասաց Արտակ Զաքարյանը:
ՌԴ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին, անդրադառնալով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու խնդրին, նշեց, որ թե Հայաստանը, թե Ադրբեջանը Ռուսաստանի համար գործընկերներ են: «Մենք չենք ցանկանում կողմերից մեկին բացառել: Առաջին հերթին անհրաժեշտ է կարգավորել հակամարտությունը: Ոչ թե պետք է մեղադրել, այլ բոլորս պիտի կենտրոնանանք բանակցային գործընթացի վրա»,-նշեց ռուս պաշտոնյան: