Գյումրիում գործող հասարակական կազմակերպություններն առաջարկությունների փաթեթ կներկայացնեն Գյումրու կագավիճակի վերաբերյալ: Այս մասին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ ապրիլի 2-ին ունեցած հանդիպման ժամանակ նշեցին հասարակական կամակերպությունների ներկայացուցիչները: Առավել նպատակային առաջարկությու նները, ուսումնասիրությունից հետո, կընդգրկվեն «Գյումրի քաղաքի կարգավիճակի և զարգացման մասին» ՀՀ օրենքի նախագծում:
Բալասանյանը քաղաքի սոցիալական իրավիճակը և առկա բազում խնդիրները հաշվի առնելով՝ ավագանու դեռ փետրվարի 6-ին կայացած հերթական նիստի ժամանակ ուղերձով դիմել էր համաքաղաքացիներին, որում նշված էր. «Իրավիճակն այնպիսին է, որ անհրաժեշտ է մարզային ու քաղաքային իշխանությունների, Ազգային ժողովի պատգամավորների, ավագանու անդամների, քաղաքացիական հատվածի, հայրենակցական միությունների, մտավ որականության և սփյուռքի մեր հայրենակիցների համախմբված աշխատանքը: Խնդրի լուծումը տեսնում եմ Գյումրու նոր կարգավիճակի և ֆինանսավորման մեջ, ինչի հետ կապված անհրաժեշտ է հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ»:
Քաղաքապետն այս հարցի շուրջ փետրվարի 26-ին հանդիպել է ծնունդով շիրակցի և Շիրակի մարզից ընտրված պատգամավորների, իսկ մարտի 28-ին՝ «Շիրակ» հայրենակցական միության ներկայացուցիչների հետ:
Ինչպես նշեց Սամվել Բալասանյանը, նախագծով քաղաքի զարգացմանն ուղղված պետական քաղաքականության հիմնական ուղղություններն են՝ պետական ներդրումային քաղաքաշինական կապիտալի ծրագրերի, հարկային բարենպաստ քաղաքականության և բնակչության սոցիալ-տնտեսական պայմանների բարելավման ծրագրերի իրականացումը, և այդ ուղղությամբ առաջարկվում է ավագանու իրավասությունների ընդլայնում՝ ի նպաստ քաղաքշինական և տնտեսական գործունեության խթանման: Այս ուղղությունների վերանայումը կբերի պետական ներդրումային քաղաքաշինական կապիտալ ծրագրերի իրականացման համար պետական բյուջեից հնարավոր ֆինանսական միջոցների տրամադրման մեխանիզմների օրենսդրական կարգավորման լուծումների հստակեցման:
Նախատեսվում է արտադրական, բնակարանային շինարարության և քաղաքի ենթակառուցվածքների զարգացման նպատակով փոփոխությունների կատարում «Եկամտային հարկի», «Շահութահարկի մասին» և «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքներում, իսկ ինչ վերաբերում է բնակչության սոցիալ-տնտեսական պայմանների բարելավման ծրագրերին, դրանք կարող են լինել ամենամյա նպատակային ծրագրերը:
Ինչպես նշեցին հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները՝ խոսելով քաղաքի կարգավիճակի մասին, պետք էնախ հստակեցնել, թե ինչ կարգավիճակի մասին է խոսքը: Մշակույթը և սպորտը, ամեն դեպքում, հնարավոր է քաղաքի զարգացման տեսլական դիտել, բայց խնդիրները լուծելու համար նախ պետք է պետական մոտեցում՝ նշեցին ներկաները՝ խոստանալով համակարգված աշխատել և մշակել առավել կարևոր այն առաջարկները, որոնք կընդգրկվեն կարգավիճակի փոփոխության ՀՀ ԱԺ-ին ներկայացվելիք նախագծում:
Արմենուհի Մխոյան