ՀՀ ԳԱԱ-ն վերջին տարիներին ընդլայնել է միջազգային գիտատեխնիկական համագործակցությունը Ռուսաստանի, Բելառուսի և Եվրոպական Միության գիտատեխնիկական կենտրոնների հետ: Այս մասին ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովի ժամանակ հայտնեց ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը:

 

«2014 թ. Բյուրականի աստղադիտարանի և «Ռուսկոսմոս»-ի միջև կնքված պայմանագրով նախատեսված տիեզերական մոնիտորների կայանը սկսել է իր աշխատանքը: 2014թ. ավարտվել են Բելառուսի գիտությունների ակադեմիայի հետ Սևանում համատեղ գիտատեխնիկական կենտրոնի ստեղծման կազմակերպչական աշխատանքները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Ռադիկ Մարտիրոսյանը

 

ՀՀ ԳԱԱ նախագահը հայտնեց, որ ԵՄ գիտատեխնիկական կենտրոնների հետ համագործակցության արդյունքում 2007-2014 թթ. ընթացքում արդեն ավարտված ԵՄ 7 շրջանակային ծրագրերի 487 տարբեր մրցույթներին ներկայացվել են ՀՀ 227 կազմակերպության մասնակցությամբ 199 իրավունակ նախագիծ, որոնցից 43-ը հավանության են արժանացել և ստացել մոտ 3.08 միլիոն եվրո ֆինանսավորում:

 

ՀՀ ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովին մասնակցում են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ազգային ժողովի պատգամավորներ, Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, բուհերի ռեկտորներ, տարբեր գերատեսչությունների ղեկավարներ: Ժողովի մեկնարկին մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին 2014 թ. կյանքից հեռացած ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ Գրիգոր Գուրզադյանի, Սեն Արևշատյանի և թղթակից-անդամներ Ալբերտ Պողոսյանի, Աննա Բոյաջյանի հիշատակը: