Հայ ժողովուրդը պատրաստվում է նշել Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը, որը Հին եւ Նոր կտակարաններում համարվում է 5 տաղավար տոներից մեկը և խորհրդանշում է Աստծո որդու խաչելությունից 3 օր հետո նրա հարություն առնելը մեռելների միջից: Հայ Առաքելական եկեղեցու ծիսակարգի համաձայն' Հարության կամ Սուրբ Զատկի տոնն ամեն տարի նշվում է 35 օր շարժականությամբ, և այս տարի այն կտոնվի ապրիլի 5-ին: «Զատիկ բառի հիմքում ազատությունն է' զատվել: Մենք պետք է ազատվենք չարությունից, բացասականից: Այնքան քիչ է լուսավորը մեր կյանքում, որ, կարծում եմ, մենք պետք է ամեն կերպ գտնենք այն: Գտնում եմ, որ եթե տղամարդը տնկում է ծառը, ապա կինը զարդարում է այն: Մենք պետք է կարողանանք զարդարել մեր տները ծաղիկներով և այլնով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ' ապրիլի 4-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը: Ըստ պատգամավորի' մեր կյանքում լուսավորը քիչ է, ուստի պետք է ամեն ինչ անել այն գեղեցկացնելու և պայծառացնելու համար, իսկ Զատիկը ամենալուսավոր և գեղեցիկ տոներից է:

 

Ազգագրագետ Լուսիկ Ագուլեցու խոսքով' Հարության տոնը հայ ժողովրդի սիրած տոներից է, և մեր ժողովուրդը մեծ սիրով և ստեղծագործական մոտեցումով է պատրաստվում այդ տոնին: «Զատիկը նաև բնության զարթոնքն է»,- ասաց նա,: Քրիստոնեության ընդունումից հետո այն սկսվեց նշվել որպես Հարության տոն: Զատիկն ու Հարությունը մի տոն դարձավ, սիրով պահպանվեց այդ հզոր ու գեղեցիկ մշակույթը»:

 

Ազգարագետը կոչ է արեց Զատկի տոնը նշել հայկական ավանդույներին համապատասխան և նկատեց, որ քրիստոնեական ավանդության համաձայն' Զատկի ձուն պետք է ներկել կարմիրով, և նույնացնելով գարնան զարթոնքի հետ' ծաղկի գույներով: «Աշխատեք պահպանել յոթ թիվը, հինգը և երեքը: Մենք այսօր չանչարակ ենք պատրաստելու' չրի յոթ տեսակներով»,- ասաց Ագուլեցին: Զատկի սեղանի անբաժանելի մաս են կազմում նաև տարբեր տեսակի փլավները, պասուց տոլման,- հավելեց նա:

 

Կարմիրով ներկած հավկիթը նշանակում է, որ ամբողջ աշխարհն է Տիրոջ արյամբ ներկվել, իսկ հավատացյալները հավատում են Քրիստոսի հարությանը: Փլավի մեջ չամիչի հատիկները խորհրդանշում են Քրիստոսի երկրորդ գալստյան ժամանակ արդարներին ու փրկվածներին, իսկ ձուկը քրիստոնեության նշանն է, քանի որ ձկան ոսկրային մասում խաչին նման հատված կա: Գինին Քրիստոսի արյունն է: Զատկի սեղանին դրվող մնացած կերակուրները' կանաչեղեն կամ ընդեղեն, 49 օր պահքից դուրս թեթեւ սնունդ ընդունելու համար է արվում: