Հյուսիսային Օսիայի ղեկավար Թեյմուրազ Մամսուրովը շուտով կամավոր հրաժարական կտա: Այս մասին հայտնել է Газета.Ru-ն' հղում անելով ռուսական ԶԼՄ-ներին:

 

«Կոմերսանտ»-ի աղբյուրի խոսքով' Մամսուրովը բավարար է համարում իր պաշտոնավարությունը 2005 թվականից ի վեր: Եթե Վլադիմիր Պուտինը հավանություն տա իր հրաժարականին, Մամսուրովը կարող է շարունակել աշխատել երկրում, որպես ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ:

 

RBC-ի փոխանցմամբ' չնայած այն հանգամանքին, որ Մամսուրովի լիազորությունների պաշտոնական վերջնաժամկետը լրանում է հունիսին, հրաժարականը կարող է տեղի ունենալ ավելի վաղ: Պարբերականի աղբյուրներից մեկը չի բացառել, որ տարածաշրջանի ղեկավարը դեռ կարող է փոխել իր միտքը:

 

Մամսուրովը, ավելի վաղ, ինքն է մեկնաբանել հնարավոր հրաժարականը. «Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ կա մարդ, ով կատարում է վերջնական որոշումը», - հայտարարել է Հյուսիսային Օսիայի ղեկավարը: