Արաբական դաշինքը երեք օր ժամանակ է տվել շիաներին իրենց ուժերն Ադենից հեռացնելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Ահմադ Ասիրին հայտարարել է, որ շիա ա պստամբները՝ հոուսիները և նրանց կողմնակից ուժերը զենքերը և տեխնիկան թաքցնում են բնակելի շրջաններում՝ համագործակցելով ցեղախմբերի հետ:

 

Արաբական դաշինքի օդանավերն ապրիլի 10-ին Ադենի ծոցի ուղղությամբ ռումբեր են արձակե: Դրանց թիրածը եղել են հիմնականում Ալ Մալաա շրջանը և Ջաբալ Հոդեյդ լեռը, որտեղ գտնվում են բանակի պահեստները:

 

Ռմբակոծություններից շինություններ, տներ են այրվել: Գնալով մեծանում է գաղթականների թիվը, որը հասել է 10 հազարի:

 

Բնակիչները հեռանում են Ակաբա և Կրատեր շրջաններից, որտեղ շարունակվում են փողոցային բախումները շիաների և Աբդ Ռաբբո Մանսուր ալ Հադիի կողմնակիցների մջև:

 

Մոտ երեք շաբաթ շարունակվող բախումների հետևանքով մայրաքաղաքում էլեկտրաէներգիայի և ջրամատակարարման խնդիրներ են առաջացել: Կրթության նախարարությունը հայտարարել է դպրոցներում դասընթացներն ընդհատելու մասին:

 

Եմենում շիա ապստամբների ներկայացուցիչ Շարիֆ Լուկմանը նշել է, որ Եմենում երկու շաբաթվա բախումների հետևանքով ավելի քան հազար մարդ է զոհվել, այդ թվում՝ 200 երեխաներ, ևս 15 հազար մարդ վիրավորվել է:

 

Նա Սաուդյան Արաբիայի հարձակումները որակել է բարբարոսական ագրեսիա և խոստացել է Եմենը դարձնել գերեզման՝ ագրեսիա հրահրողների համար: Նրա խոսքով՝ Եմենի ազգին դժվար կլինի հաղթել:

 

Հազարավոր եմենցիներ դուրս են եկել Սանայի օդանավակայի մոտակայքում գտնվող փողոցներ՝ դատապարտելով Սաուդյան Արաբիայի հարձակումները:

 

Համաշխարհային առողջապահության կազմակերպության տվյալներով՝ Եմենում մարտի 19-ից ի վեր զոհվել է ավելի քան 640, վիրավորվել՝ 2220 մարդ: 335 հազար եմենցիներ ստիպված լքել են իրանց տները:

 

«Վճռականության փոթորիկ» գործողությունները, Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ, սկսվել են մարտի 26-ի գիշերվանից: Սաուդյան Արաբիային աջակցում են Բահրեյնը, Քատարը, Քուվեյթը և ԱՄԷ-ն: Արաբական դաշինքի ուժերի ղեկավար Ահմադ Ասիրին հայտարարել է, որ ռազմական գործողությունները կշարունակվեն մինչև Աբդ Ռաբբո Մանսուր ալ Հադիի իշխանության վերականգնումը: