Ռեգիոնների կուսակցությունից նախկին պատգամավոր Օլեգ Կալաշնիկովի եւ լրագրող Օլես Բուզինայի սպանությունները միատեսակ ձեռագիր ունեն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ուկրաինայի ՆԳ նախարարի խորհրդական Անտոն Գերասչենկոն հայտարարել է «1+1» հեռուստաալիքի եթերում: Նրա խո սքը ապրիլի 17-ին մեջբերել է ՌԻԱ Նովոստին:

 

«Երկուսին էլ սպասել են տան մոտ, երկուսին էլ սպանել են ստուգիչ կրակոցով, նրանցից յուրաքանչյուրի վրա արձակել են հինգական կրակոց»,- ասել է Գերաշչենկոն: Նա նաեւ հայտնել է, որ հիմնականը մնում է զոհվածների հասարակական-քաղաքական գործունեության հետ կապված վարկածը:

 

Դրա հետ մեկտեղ նա վաղաժամ է համարում պնդել, որ երկու հանցագործությունները կատարվել են նույն մարդկանց կողմից: Նախարարի խորհրդականը հնարավոր է համարում, որ հանցագործությունները կոորդինացվել են մեկ կենտրոնից:

 

Նախկին պատգամավորն ապրիլի 15-ի երեկոյան սպանվել է Կիեւի Պոդոլսկի շրջանում իր տան մուտքում: 45-ամյա Օլես Բուզինային երկու անհայտ դիմակավոր անձինք գնդակահարել են ապրիլի 16-ի ցերեկը: Լրագրողի զոհվելու հիմնական վարկած է նշվել նրա մասնագիտական գործունեությունը:

 

ԱՄՆ-ը դատապարտել է ուկրաինացի լրագրող Օլես Բուզինայի եւ Գերագույն ռադայի նախկին պատգամավոր Օլեգ Կալաշնիկովի սպանությունները: Համապատասխան հայտարարությունն արել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարի Հարֆը:

 

«Մենք դատապարտում ենք սպանությունները: Սպանվել են ուկրաինացի լրագրող եւ ընդդիմադիր Ռեգիոնների կուսակցությունից պատգամավոր: Մենք մեր ցավակցությունն ենք հայտնում նրանց հարազատներին ու բարեկամներին»,- հայտարարել է նա:

 

Հարֆի խոսքով՝ Վաշինգտոնը կոչ է անում «ամբողջական, մանրակրկիտ եւ թափանցիկ հետաքննություն անցկացնել»: նա հիշեցրել է, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն նույնպես պահանջել է անհապաղ հետաքննել այդ սպանությունները: