Բունդեսթագի Քրիստոնեադեմոկրատական կուսակցության պատգամավոր Մարտին Պացոլդը թեպետ ոչ շատ վարժ, սակայն խոսում եւ հասկանում է հայերեն: Հայաստանում առաջին անգամ է, սակայն թե վայրերը, թե մարդիկ հարազատ են: Հայերի ու Հայաստանի մասին Պացոլդը գիտի մանկուց: Նրա մայրը հայ է, հայրը գերմանացի: Մայրը նրան ոչ միայն հայերեն է սովորեցրել, այլ պատմել Կոմիտասի մասին:

 

«Կոմիտասի երաժշտությունն ինձ դեռ մանկուց է ծանոթ: Մայրս հայ է եւ ինձ սովորեցրել է հայերեն, ես միշտ սիրել եմ Կոմիտասին եւ երբ եկա Հայաստան, ցանկություն հայտնեցի այցելել Կոմիտասի թանգարան: Ես այդքան էլ լավ չեմ խոսում հայերեն, բայց երբ դուք հայերենով հարց եք տալիս, խոսքերն ինձ շատ հարազատ են թվում»,- «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան ասաց պատգամավորը: «Ես հայկական ուտելիքներ շատ եմ սիրում: Մեր տանը հաճախ են հայկական կերակուրներ պատրաստվում եւ դրանք ամենահամեղն են»,- ասում է պատգամավորը' շեշտելով, որ իր սիրտը հայի է, գլուխը' գերմանացու: