Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին մի քանի օր մնացած' Անկարան հայտնվել է խուճապում, քանի որ Թուրքիան Եվրոպայում տանուլ է տվել «ցեղասպանության պայքարը»:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նման համոզմունք է հայտնել թուրքական «Ռադիկալ» թերթի վերլուծաբան Սերքան Դեմիրթաշը' թերթում հրապարակած հադվածում վերլուծելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ակտիվացած գործընթացի պատճառով Անկարայում առաջացած իրարանցումը:

 

Նրա խոսքով, թեեւ Անկարան փորձում է զգացնել չտալ, սակայն, ակնհայտ է, որ խիստ անհանգստացած է Հայոց ցեղասպանության ճանաչման եւ Թուրքիային դատապարտող' միմյանց հաջորդող բանաձեւերի ընդունմամբ:

 

Անդրադառնալով Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի երեկ հրապարակած ցավակցական ուղերձին, Ս.Դեմիրթաշն ընդգծել է, որ նրա հայտարարությունն, ըստ էության, Թուրքիայի նախկին վարչապետ, այժմյան նախագահ Թայիփ Էրդողանի անցյալ տարվա ուղերձից տարբերվում է այն բանով, որ արվել է ոչ թե ապրիլի 24-ին, այլ չորս օր առաջ:

 

Նշելով, որ Թուրքիայի ղեկավարությունը խիստ անհանգստացած է այն բանով, որ, հնարավոր է՝ Գերմանիան եւս ճանաչի Հայոց ցեղասպանությունը ապրիլի 24-ին Բունդեսթագ այդ մասին ներկայացված բանաձեւով եւ միանա Ցեղասպանությունը ճանաչած եվրոպական եւ մյուս երկրներին, թուրք մեկնաբանը նշել է. «Կարելի է ասել, որ Թուրքիան Եվրոպայում արդեն տանուլ է տվել «ցեղասպանության պայքարը», ինչը բացասական ազդցեություն կունենա Թուրքիայի' Եվրամիությանն անդամակցության գործընթացի վրա»: