Պետդուման ապրիլի 24-ին հայտարարություն է ընդունել Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ «Նովոստիին»:
Պետդուման խորը ցավակցություն է հայտնում եղբայրական Հայաստանին հայերի ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ, ինչպես նաև մյուս ժողովուրդներին, որոնք տուժել են Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի ողբերգական իրադարձությունների ընթացքում, և գտնում է, որ պատմության բարդ հարցերը և միջազգային վեճերն անհրաժեշտ է լուծել խաղաղ միջոցներով, այդ թվում՝ դիվանագիտական ջանքերով՝ հանուն մոլորակի վրա կայուն խաղաղության և անվտանգության հաստատման:
Պետդումայի պատգամավորները համոզված են, որ Եվրասիական աշխարհամասը կարող է և պետք է դառնա բարիդրացիության և իրավահավասար համագործակցության օրինակ, խաղաղության և արարումի տարածք:
«Դրան հասնելուն նպաստում է բազմակողմանի գործունեությունը միջազգային այնպիսի կազմակերպությունների շրջանակներում, ինչպիսիք են Եվրասիական տնտեսական միությունը, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը, Շանհայի համագործակցության կազմակերպությունը, որոնց նպատակը կայուն զարգացումն է մեր ժողովուրդների բարգավաճումը և մարդասիրական իդեալների հաղթանակը»,- ասվում է հայտարարության տեքստում: