ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի դատական գործով ևս մեկ մեղադրյալ է ավելացել: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ապահովության պետական ծառայության Երևան քաղաքի Ավան և Նոր Նորքի սոցիալական և ապահովության տարածքային բաժնի պետ Արամ Մարտիրոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի երրորդ մասի առաջին և երկրորդ կետերի և 314-րդ հոդվածի հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնի դարձավ դատական տեղեկատվական համակարգից:

Արամ Մարտիրոսյանը, օժտված լինելով Երևանի Ավան և Նոր Նորքի սոցիալական ապահովության տարածքային բաժնի կենսաթոշակների վճարները նշանակելու, վերահաշվարկելու, վճարային ցուցակները կազմելու գործընթացը ղեկավարելու և վերահսկելու լիազորություններով, 2009-2010թվականների ընթացքում Վազգեն Խաչիկյանի և մյուսների հետ կազմակերպված խմբով պետությունից հափշտակել են առանձնապես խոշոր չափերի՝ 64 միլիոն 78 հազար 853 ՀՀ դրամ կենսաթոշակի գումարներ, ինչպես նաև կատարել են պաշտոնական կեղծիք:

 

 

Վերը նշված քրեական հոդվածով մեղադրյալին սպառնում է նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով տուգանք կամ երկուսից հինգ տարի ժամկետով ազատազրկում, կամ առավելագույնը երեք տարի ժամկետով որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկում:

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը Արամ Մարտիրոսյանը նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել է ստորագրություն չհեռանալու մասին:

2015թվականի դեկտեմբերի 8-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը դատապարտվել է 12 տարվա ազատազրկման՝ գույքի բռնագրավմամբ՝ ոչ ավելի քան 290 միլիոն 115 հազար 652 ՀՀ դրամի չափով։