ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը քիչ առաջ տիկնոջ ուղեկցությամբ այցելեց Ստեփանակերտի թիվ 1 ընտրատարածքի 8-րդ տեղամաս և կատարեց իր քաղաքացիական պարտքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ղուլյանն ասաց, որ ակնկալիքներն ընտրությունների արդյունքներից շատ են, և ինքը քվեարկել է հանուն Արցախի ժողովրդավարական ապագայի:

 

«Մեր երկրի համար ամենակարևոր բանն այս պահին ժողովրդավարությունն է, խաղաղությունից հետո: Ժողովրդավարական ապագան մեր երկրի կայացման հիմքը պետք է լինի: Եվ շատ հանգամանքներում այս ընտրությունները կարող են նպաստել դրա կայացմանը»,-ասաց Աշոտ Ղուլյանը՝ հավելելով, որ խորհրդարանում որոշակի փոփոխություններ կլինեն, սակայն, ըստ նրա, հիմնական կազմը կպահպանվի:

 

Անդրադառնալով նախընտրական մրցապայքարին՝ ԱԺ նախագահը նշեց, որ ամեն ինչ ընթացել է քաղաքական կոռեկտ մրցակցության պայմաններում և քաղաքական հարաբերությունները պահպանվել են բարեկրթության մակարդակում: Ըստ Ղուլյանի, այս ընտրություններն ու նախընտրական պայքարն իրենց մակարդակով շատ ավելի բարձր են քան նախորդները, և վստահ է, որ վեցերորդ գումարման Աժ-ում քաղաքական դաշտը ներկայացված կլինի առավել լայն: