Միավորված ազգերի կազմակերպության հատուկ զեկուցող Մաուդ դե Բոեր-Բուքիչիոն մայիսի 12-18-ը պաշտոնական այց կիրականացննի Հայաստան' ծանոթանալու երկրում երեխաների վաճառքի, սեռական շահագործման և մանկական պոռնոգրաֆիայի վիճակին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՄԱԿ-ի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ նշվում է, որ յոթօրյա այցի շրջանակում Բոեր-Բուքիչիոն կհանդիպի Հայաստանի գործադիր, օրենսդիր և դատական մարմինների, երեխաների հետ աշխատանքներ տանող հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
«Ես անհամբերությամբ սպասում եմ, որ կարողանամ գնահատել Հայաստանի կողմից գրանցված այն առաջընթացը և դեռևս առկա խնդիրները' կապված երեխաների ցանկացած տեսակի վաճառքի կամ սեռական շահագործման հետ»,- ասել է Բոեր-Բուքիչիոն:
ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչն այս օրերին կայցելի նաև Երևանի, Վանաձորի և Գյումրիի մանկական խնամքի կենտրոններ և ապաստարաններ:
Հայաստան կատարած այցի վերաբերյալ պատրաստած զեկույցը Բոեր-Բուքիչիոն 2016 թվականի մարտին կներկայացնի ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովի նիստի ժամանակ: