Քաղաքացի Նարինե Ղ.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի ապրիլի 25-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, ինքը և դուստրը ցանկացել են մասնակցել երաժիշտ Սերժ Թանկյանի մամուլի ասուլիսին, սակայն ոստիկանության աշխատակիցները խոչընդոտել են և իր նկատմամբ ֆիզիկական բռնություն են գործադրել, այն է՝ աջ ձեռքը ոլորել են և հրելով դուրս են հանել հյուրանոցից:

 

Դրանից հետո, ոստիկանության աշխատակիցները, դարձյալ բռնություն գործադրելով, իրեն և դստերը նստեցրել են ոստիկանական ավտոմեքենան, տեղափոխել ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժին ու շուրջ երեք ժամ զրկել ազատությունից:

 

Քաղաքացի Նարինե Ղ.-ի հաղորդման հիման վրա պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ:

 

Կատարվում է նախաքննություն: