Ոստիկանության Կոտայքի բաժին 2013 թվականի դեկտեմբերի 8-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ նույն օրն անհայտ անձը պատուհանի ապակին կոտրելու միջոցով ապօրինի մուտք է գործել Աննա Հ.-ին պատկանող տուն և այնտեղից գողացել է տարբեր տեսակի զարդեր և օծանելիքч պատճառելով 100 հազար դրամի գույքային վնաս: ՀՀ ոստիկանության շտաբի ստուգումներով պարզվել է, որ ոստիկանության Կոտայքի բաժնի աշխատակիցները սահմանված կարգով նշված դեպքը չեն հաշվառել հանցագործությունների գրանցամատյանում, այլ ահազանգի վերաբերյալ նախապատրաստված նյութերով հանցագործության դեպքի բացակայության պատճառաբանությամբ կազմվել է եզրակացություն ու նյութերին չի տրվել համապատասխան ընթացք, ինչի արդյունքում առերևույթ էական վնաս է պատճառվել Աննա Հ.-ի իրավունքներին և օրինական շահերին:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Աբովյան քաղաքի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետի և 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Հետագայում քրեական գործից անջատվել է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ մասը և քննության ուղարկվել Հատուկ քննչական ծառայություն: Կատարվում է նախաքննություն: