Ինչպես հայտնի է, ցանկացած մունիցիպալ իշխանություն ունի տվյալ քաղաքի բնակիչների ազատ տեղաշարժման կարգավորման պարտականություններ: Դրանք արտահայտվում են թե՛ համապատասխան ճանապարհների (փողոցների, թունելների, կամուրջների) կառուցմամբ ու սպասարկմամբ, թե՛ հանրային տրանսպորտի ցանցի ստեղծմամբ և գործունեության ապահովմամբ:

Առաջին հայացքից հեշտ թվացող այս խնդիրը բավականին բարդանում է, երբ բնակավայրի բնակչության թիվը հասնում է միլիոնի (միլիոնների), ինչպիսին Երևանն է:

Իհարկե, Երևանում կան բազմաթիվ մագիստրալային փողոցներ, կառուցվում են նորերը, սակայն դրանք, բնականաբար, չեն բավարարում հանրության աճող պահանջները:

Երևանում կա շուրջ 200-250 հազար ավտոմեքենա և, անշուշտ, մեքենաների այդ ահռելի հոսքի անխցան ընթացքն ապահովելը, եթե նույնիսկ հնարավոր է, ապա շատ դժվար ու թանկ է:

Այնուամենայնիվ, Երևանի քաղաքապետարանը բուռն կերպով կառուցում է նոր ճանապարհներ, կամուրջներ, թունելներ, անցումներ և այլն… Առաջին հայացքից գործողությունները քիչ թե շատ ադեկվատ են ու համաչափ:

Բա ուրիշ ո՞նց

Խցանումների դեմ պայքարն ունի շատ ավելի մատչելի ու երկարաժամկետ լուծում. անել այնպես, որ մարդիկ թողնեն իրենց մեքենաները տանը ու երթևեկեն հանրային տրանսպորտով: Իհարկե, մեքենա ունեցողների մեծ մասին դժվար է համոզել, որ երթուղայինում, ներեցեք, ձի դարձած վիճակում երթևեկեն կամ տանից սովորականից մեկ ժամ շուտ դուրս գան, որ կանգառներում ժամեր անցկանելով՝ կարողանան երթուղային նստել: Բայց Երևանում դեռ կա տրանսպորտի մի տեսակ, որը ե՛ւ արագ է, ե՛ւ չի ոտնահարում ուղևորի արժանապատվությունը… մի բան էլ, ձմռանն այնտեղ տաք է, ամռանը' հով: Խոսքը, իհարկե, մետրոյի մասին է:

Այսպիսով, եթե ընդլայնվի մետրոպոլիտենի ցանցը, շարժակազմերը սկսեն ավելի հաճախ գնալ, ապա մարդիկ, իրոք, ցանկություն կունենան խնայելու իրենց նյարդերն ու բենզինի վրա ծախսվող գումարները և կերթևեկեն մետրոյով (աշխարհի բազում քաղաքների փորձը ակներև է): Հետևաբար, կպակասեն խցանումները, կնվազի նոր ճանապարհներ կառուցելու անհրաժեշտությունը ու դրանց վրա ծախսվող գումարները: Այսինքն, մեկ անգամ կառուցելով մետրոյի կայարաններ ու լավ զարգացած ցանց' կարելի է մասնակիորեն ազատվել խցանումների խնդրից ու ճանապարհաշինության համար գումարներ ծախսելուց:

Ակնհայտ է, որ մի քանի տարի հետո Երևանում համարյա ամեն ընտանիք կունենա մեկ մեքենա: Այդ պարագայում խցանումների դեմ պայքարն աստղաբաշխական միջոցներ կպահանջի: Բայց եթե երևանցիների մի զգալի մասին հնարավոր լինի մեքենայից տեղափոխել մետրո, ապա կհաջողվի խնայել այդ գումարները: Բացի այդ, մայրաքաղաքը կդառնա շատ ավելի մաքուր, քանի որ օդի աղտոտման հիմնական պատճառը հենց ավտոմեքենաներն են:

Մի պայծառ օր

Որպես եզրափակում՝ մնում է միայն հույս հայտնել, որ մի պայծառ օր երևանյան իշխանությունները կդադարեն պրիմիտիվորեն մոտենալ հարցին ու կհասկանան, որ (թեկուզ պետական միջոցների հաշվին) մետրոյի ցանցի զարգացումը, այլ դրական կողմերի հետ մեկտեղ, նաև զգալի միջոցներ խնայելու հնարավորություն է… Այսօր դրա փոխարեն արվում է հակառակը. կոնսերվացվում են խորհրդային իշխանության ժամանակ սկսված և անավարտ մնացած մետրոյի ենթակառուցվածքները (ինչպես, օրինակ, Աջափնյակի կայարանը լցվեց ավազով և մնաց Աբելյան փողոցի տակ):

Հ.Գ. Բացի այդ, քանի դեռ ճանապարհաշինությունից ահռելի «ատկատներ» են գալիս, մետրոյին անցնելը կհարվածի «ատկատ» ստացողների գրպաններին:

Լուս.' Երևանի քաղաքապետարանի կայքից