2013 թվականից «Մենք» երիտասարդական շարժման ակտիվիստների կողմից սկսած մի շարք ակցիաներից և ստորագրահավաքներից հետո Երևանի կենտրոնում գտնվող Կիրովի անվան մանկական զբոսայգու խնդիրը վերջնականապես լուծվել է. զբոսայգում նույնասեռական մարմնավաճառներ այլևս չկան: Մանկական զբոսայգին մաքրվել է այլասերումից, արդեն մանկական տրամադրություն է տիրում. այս մասինԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց ակտիվիստ Սևան Աղաջանյանը:

 

 

«Ներկայումս այգու տնօրինությունն է վերահսկողությունն իրականացնում: Ժամանակին մեկ պահակ էր աշխատում, ներկայումս 3 հոգի են: Բացի այդ՝ օնլայն տեսախցիկներ կան այգում, որը հասանելի է բոլորին: ժամը 21:00-ից սկսած՝ այգու բոլոր մուտքերը փակվում են, իսկ պարիսպներից անհնարին է մուտք գործել: Լուսավորությունը լավ է»,- ասաց Սևան Աղաջանյանը:

 

 

Հարցին, թե ինքն արդյո՞ք տեղյակ է` ուր են տեղափոխվել այգու «մշտական բնակիչները», ակտիվիստը ասաց, որ իր տեղեկություններով՝ Մանկական երկաթուղու տարածքում են, այսպես կոչված՝ Նաբերեժնիում: Նա նշեց նաև, որ ժամանակին այս խնդրով ևս դիմել են քաղաքապետին, արձագանքել են, որ աշխատանքներ կտարվեն:

 

 

«Այդ տարածքը շատ մեծ է: Ներկայումս միջոցներ չկան գործողություններ սկսելու համար», - ասաց ակտիվիստ Սևան Աղաջանյանը: