ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Հատկացումների ենթահանձնաժողովում սկսվել են քննարկումները՝ 2016 թվականի ֆինանսական տարում Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին ԱՄՆ արտաքին օգնության հատկացման հարցի վերաբերյալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայ դատի ԱՄՆ հանձնաժողովը դիմել էր օրենսդիր մարմնին՝ խնդրելով առնվազն 5 մ լն դոլար հատկացնել Լեռնային Ղարաբաղի զարգացման համար և 40 մլն դոլարի տնտեսական աջակցություն ցուցաբերել Հայաստանին:

 

 

Հայ դատի հանձնախումբը պահանջել է նաև, որ Վրաստանին հատկացվելիք աջակցության 10 տոկոսը ուղղվի Սամցխե-Ջավախքի շրջանում աշխատատեղերի ստեղծման ծրագրերին, հատուկ ուշադրության կենտրոնում պահել Սիրիայի հայերի, ասորիների և վտանգի տակ գտնվող մյուս փոքրամասնությունների խնդիրները, ինչպես նաև թիրախավորված աջակցություն ցուցաբերել Հայաստանին՝ հազարավոր սիրիացի գաղթականներին ապաստանելու համար:

 

 

Հատկացումների ենթահանձնաժողովի անդամներից նաև պահանջվել է որևէ ռազմական օգնություն չցուցաբերել Ադրբեջանին, քանի դեռ այն չի համաձայնել դիպուկահարներին շփման գծից հանելու ԵԱՀԿ Մինսկի խմբի հորդորներին, չի դադարեցրել ագրեսիան և լիովին հանձն չի առնել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը:

 

 

Փետրվարին ԱՄՆ նախագահ Օբամայի վարչակազմը հրապարակել էր 2016 ֆինանսական տարվա ԱՄՆ արտաքին օգնության բյուջեի տարբերակը, որով պետք է կրճատել ԱՄՆ տնտեսական աջակցությունը Հայաստանին և Ադրբեջանինˋ պահպանելով այս երկու երկրներին հատկացվելիք ռազմական օգնության հավասարակշռությունը:

 

 

Նախագահն առաջարկել էր 2016-ին 18 մլն 360 հազար դոլարի տնտեսական աջակցություն տրամադրել Հայաստանին, որը եթե ընդունվի Կոնգրեսի կողմից, ՀՀ անկախությունից հետո ամենափոքր օգնությունը կլինի ԱՄՆ կողմից: