Բեկնազարյան փողոցում 5-ամյա երեխայի մահվան պատճառ դարձած վերելակը շահագործվել է առանց դռների, ինչը տեխնիկական անվտանգության ապահովման կանոնների կոպիտ խախտում է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ՏԿԱԻՆ տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի շարժասանդուղքների, վերելակների և ճոպանուղիների տեխնիկական անվտանգության բաժնի պետ Լուսինե Հովհաննիսյանը:
«Բեկնազարյան փողոցում տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով մահացած 5-ամյա երեխան վերելակի շարժման ժամանակ հայտնվել էր մետաղական ամրությունների արանքում: Ես անձամբ չեմ եղել դեպքի վայրում, բայց փրկարարները հայտնել են, որ այդ վերելակը շահագործվել է առանց դռների: Բացի այդ, պետք է պարզել՝ ո՞ր կազմակերպությունն է տեղադրել այդ սարքավորումը, և այն նախատեսվա՞ծ է եղել մարդկանց տեղափոխելու համար, թե՞ ոչ»,- նշեց Հովհաննիսյանը:
Բանախոսը նշեց, որ ՀՀ «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի համաձայն՝ տվյալ վերելակը ենթակա չի եղել փորձաքննության: «Ամենամյա պարտադիր տեխզննության են ենթարկվում բոլոր արտադրական օբյեկտները, որոնց թվում' վերելակները, որոնք տեղադրված են միայն հանրային նշանակության շինություններում' բազմաբնակարանային շենքերում և հանրային օգտագործման վայրերում կամ արտադրական օբյեկտներում»,- շեշտեց Լուսինե Հովհաննիսյանը:
Հիշեցնենց, որ ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր ԼՈՒՐԵՐ.com-ը, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում հունիսի 4-ին՝ ժամը 11.28-ին, ահազանգ է ստացվել, որ երեխայի գլուխը մնացել է Երևանի Բեկնազարյան փողոցի տներից մեկի վերելակի դռների արանքում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր էր մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները 2010 թ. ծնված Լ. Բ.-ին դուրս են բերել վերելակից. վերելակում են գտնվել նաև 2008թ. ծնված Մ. Բ.-ն և դայակը՝ Ն. Զ.-ն: 5-ամյա փոքրիկը մահացել էր: