ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով հիմնավորվել է, որ ՀՀ ֆինանսների նախարարության ավագ մաքսային տեսուչ Սուրիկ Շահբազյանը խախտել է ՀՀ մաքսային օրենսգրքի պահանջները: Ինչպես տեղեկացնում են ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի բաժնից, իր լիազորություններն իրականացնելիս՝ Սուրիկ Շահբազյանը մաքսային հսկողության ներքո գտնվող տրանսպորտային միջոցը առանց մաքսային մարմնի թույլտվության այլ անձի հանձնելու հանգամանքը հայտնաբերելուց հետո, մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործի վարույթ չի սկսել: Նա խախտել է ՀՀ մաքսային օրենսգրքի 207-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի պահանջները:

 

 

Իր կողմից օրենքի վերը նշված դրույթը շուրջ 2 ամիս չկատարելու հանգամանքը թաքցնելու անձնական դրդումներով, 2014թ. հուլիսի 7-ին, Ս. Շահբազյանը իր կողմից թույլ տրված իրավախախտումը' ավտոմեքենան 2014թ. մայիսի ընթացքում առանց համապատասխան փաստաթուղթ կազմելու մաքսատուն տեղափոխելու փաստը թաքցնելու նպատակով, կազմել և մաքսատան գրասենյակ է հանձնել կեղծ փաստաթուղթ հանդիսացող՝ իր վերադասին հասցեագրված զեկուցագիր, թե, իբր, մաքսային հսկողության ներքո գտնվող ավտոմեքենան հայտնաբերել և մաքսատան պահպանվող տարածք է ներկայացրել 2014 թվականի հուլիսի 6-ին:

 

 

Սուրիկ Շահբազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով:

 

 

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ ֆինանսների նախարարության ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների մասնագիտացված մաքսատան ձևակերպումների բաժնի ավագ մաքսային տեսուչ Սուրիկ Շահբազյանի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը և հիշյալ գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին' այն հաստատելու և դատարան ուղարկելու համար: