Ճամբարակ քաղաքի առողջապահության կենտրոնում հունիսի ութի առավոտվա դրությամբ դեռ ստացիոնար բուժման մեջ են գտնվում հունիսի վեցին սննդային թունավորում ստացած և բուժհաստատություն տեղափոխված 10 հիվանդ:

 

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ճամբարակի առողջապահության կենտրոնի տնօրեն Արմենակ Մելքումյանը, նրանց վիճակը գնահատվում է թեթև ծանրության: Սննդային թունավորումով բուժհաստատություն են դիմել 55 քաղաքացի, որոնցից 51-ը' Վահան գյուղից, 4-ը' Ճամբարակ քաղաքից: Դիմածներից ստացիոնար բուժման են վերցվել 33-ը, որոնցից 23-ն արդեն ստացել են համապատասխան բուժում եւ դուրս են գրվել: «Մոտակա մեկ-երկու օրում դուրս կգրվեն նաև մնացած 10 հիվանդները: Թութը, որն առայժմ համարվում է մասսայական թունավորման հիմնական պատճառը, արդեն ուղարկվել է փորձաքննության, որի պատասխանը կհրապարակվի առաջիկա մի քանի օրերի ընթացքում»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Արմենակ Մելքումյանը: