Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն այլընտրանք չունի, և Արցախի դե յուրե անկախությունը վաղ թե ուշ կայանալու է:

 

 

Ազգային ժողովում այս մասին ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի ելույթին, ով ՀՀ 2014թ. պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ քննադատեց իշխանությունների տնտեսական քաղաքականությունը՝ կարծիք հայտնելով, որ Հայաստանում տնտեսական ներկա պայմաններում ԼՂ հակամարտությունը կարգավորվելու է հօգուտ Ադրբեջանի: «Կարող եք հանգիստ լինել: Քանի դեռ մենք ենք իշխանության, Լեռնային Ղարաբաղի հակամարտության առումով որևէ վտանգ չկա: Մեկ անգամ էլ եմ ասում, որ Արցախի բնակչության ինքնորոշման իրավունքն այլընտրանք չունի, և մենք վաղ թե ուշ հասնելու ենք Արցախի դե յուրե անկախությանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Շարմազանովը:

 

 

Նա վստահեցրեց, որ ՀՀ իշխանությունները Նախագահի գլխավորությամբ անելու են ամեն ինչ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչության անվտանգությունն ապահովելու համար:

 

 

Շարմազանովն անդրադարձավ նաև կառավարության հասցեին հնչող մեղադրանքներին առ այն, թե տնտեսական սխալ քաղաքականության արդյունքում երկրի տնտեսությունը հայտնվել է ճգնաժամային իրավիճակում: «Համաձայն եմ հնչող տեսակետների հետ, որ մենք և բացասականի, և դրականի պատասխանատուն ենք: Թերություններ չեն լինում այնտեղ, որտեղ աշխատանք չկա, իսկ որտեղ կա աշխատանք, այնտեղ կլինեն նաև թերություններ: Ցանկանում եմ ընդգծել, որ 3.4 տոկոս տնտեսական աճը աշխարհում տիրող իրավիճակում դրական ցուցանիշ է»,- եզրափակեց Շարմազանովը: