Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը չբացառեց, որ էլէներգիայի թանկացումից մեկ տարի անց սակագինը կարող է նվազել 5 դրամով: Ազգային ժողովում էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ խորհրդարանական լսումների ընթացքում, պատասխանելով «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանի հարցին, Ռոբերտ Նազարյանը բացատրեց, թե ինչ խնդիրներ են լուծվելու՝ էլեկտրաէներգիայի սակագնի 6.93 դրամով թանկացմամբ:

 

Նազարյանն ընդգծեց, որ 6.93 դրամից 2.4 դրամը գնալու է էլէներգիա արտադրող կայաններին և սպասարկող կազմակերպություններին, 4.24 դրամն էլ բաշխիչ ցանցերին:

 

«Այդ 4.24 դրամի հատկացման արդյունքում մեկ տարվա ընթացքում սակագնից դուրս են գալու ՀԷՑ-ի կրած վնասները, որը կազմում է 23.4 միլիարդ դրամ: Եվ եթե չլինեն փոխարժեքի տատանումներ, սակավաջրություն, այլ պարտավորություններ, չառաջանան այլ խնդիրներ, մենք կկարողանանք 5 դրամով էլէներգիայի սակագինը նվազեցնել»,- նշեց Նազարյանը:

 

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը պատգամավորներին կոչ արեց մեկ տարի հետո չկանգնել և հայտարարել, թե ինքը խոստացել է 5 դրամով նվազեցնել սակագինը՝ հավաստիացնելով, որ 5 դրամ նվազումը կլինի, եթե չլինեն իր կողմից նշված գործոնները: «Եթե չլինեն այդ գործոնները, ես իմ ասածի տերն եմ լինելու»,- ասաց նա: