Առաջին Եվրոպական խաղերի Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ, Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանի կարծիքով' պետք չէ կանգ առնել և բավարարվել ձեռք բերածով: «Այս խաղերն ինձ ավելի շատ վստահություն տվեցին: Այնպես չէ, որ մինչ այդ չէի հավատում ինձ: Առաջին հերթին ինքս ինձ և ամբողջ աշխարհին ապացուցեցի, որ կարող եմ հաղթել ցանկացած մրցակցի: Անշուշտ, հիմա կանգ առնել պետք չէ: Պետք է ավելի շատ աշխատել, և ավելացնել ձեռք բերածի վրա: Այս մեդալը և այս հաղթանակն ինձ հետագայում կօգնեն ավելի լավ հանդես գալու: Ես ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել բոլորին, կցանկանայի ընդգծել Ռոման Ամոյանին, Կարապետ Չալյանին, Մաքսիմ Մանուկյանին: Նրանք իսկապես պայքարում էին մինչև վերջ: Ամբողջ երկրին իմ խորհին շնորհակալությունը, քանի որ ես զգում էի նրանց աջակցությունը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրագրողների հետ զրույցում ասաց Հարությունյանը:
Խոսելով գոտեմարտի և մրցավարների մասին' Հարությունյանը չցանկացավ ինչ-որ մեկին քննադատել: «Նրանք, ովքեր ինչ-որ տեղ հասկանում են սպորտից, ամեն ինչ տեսան իրենց աչքերով: Չեմ ցանկանում մեկնաբանել մրցավարների պահվածը, բայց եթե հնարավորություն տվեր աշխատել պարտերում, կարծում եմ՝ միավոր կլիներ: Բայց կասեմ նաև, որ ես դեռ այստեղից գնալիս գիտեի, որ այնտեղ այդպիսի մրցավարական սխալներ են լինելու: Ես կարող էի հաղթել, սակայն ճիշտ մոտեցում էր պետք»,- ասաց ըմբիշը:
Հարությունյանի կարծիքով՝ ինքն այժմ Հայաստանում կարող է հաղթել ցանկացած մրցակցի և միայն մարզիչները պետք է որոշեն, թե միջազգային մրցաշարերում, ով պետք է ներկայացնի Հայաստանը' երկրի գործող չեմպիոն Արամ Ջուլֆալակյանը, թե' ինքը: «Այս պահի դրությամբ, ով լավ կլինի, նա էլ պետք է մեկնի: Իմ կարծիքով' այս պահի դրությամբ չեմ կարծում, որ Հայաստանում ինչ-որ մեկը կկարողանա հաղթել ինձ: Եթե մարզիչները և անձամբ ես զգամ, որ պատրաստ չեմ այնտեղ մեկնելու, ապա չեմ գնա: Սա սպորտ է, և ամեն ինչ կարող է լինել»:
Եվրոպական խաղերի արծաթե մեդալակրի խոսքով' այս օրերին, երբ գորգ դուրս կգան ազատ ոճային ըմբիշները, արդեն բավական տրամադրված պետք է լինեն դահլիճում հնչող սուլոցներին: «Նրանց ցանկանում եմ բարձր տրամադրություն, ուզում եմ գտնեն այն տրամադրվածությունը, որը կօգնի նրանց: Պարզապես գորգի վրա պետք լինես այն, ինչ կաս»,- եզրափակեց Հարությունյանը:
Առաջին Եվրոպական խաղերն անցկացվում են Բաքվում 2015 թվականի հունիսի 12-28-ը։ Հայաստանն այդ խաղերում ներկայացված է 6 մարզաձևում հանդես եկող 25 մարզիկներով: