Երեք ամիս առաջ՝ 2015 թվականի մարտի 5-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, թիվ 44 ավտոբուսում հափշտակել են Երևան քաղաքի բնակչուհու դրամապանակը, որի մեջ եղել է կանխիկ գումար և բանկի պլաստիկ քարտ՝ պատճառելով գույքային վնաս: Ինչպես տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին, դեպքի առթիվ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով, որի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ գողացված պլաստիկ քարտի միջոցով մարտի 16-ին փորձ է կատարվել կանխիկացնել 100.000 դրամ գումար:
Վարույթն իրականացնող մարմինն ստացել է բանկոմատից տվյալ գործարքի փորձի տեսագրությունը։
Դեպքի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու համար միջոցներ են ձեռնարկվում՝ հայտնաբերելու նշված տղամարդուն։
Ովքեր ճանաչում են տեսագրությունում պատկերված անձին կամ որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին կամ Ոստիկանության մոտակա բաժին:
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: