Ինչպես ավելի վաղ հայտնել էր ԼՈՒՐԵՐ.com-ը, երեկ Ազատության հրապարակում «Ոչ թալանին» նախաձեռնությունը և տասնյակ քաղաքացիներ հանրահավաք-երթից հետո հայտարարեցին, որ սկսում են նստացույց:
Ավելի ուշ համացանցում քննադատական ալիք բարձրացավ այն մասին, որ քաղաքական ուժերը չեն միացել նստացույցի մասնակիցներին:
ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց ՕԵԿ պատգամավոր Հեղինե Բիշարյանի հետ: Վերջինս տեղյակ չէր, որ Ազատության հրապարակում նստացույց է.
«Ես չգիտեմ նստացույցի մասին: Տեղյակ չեմ, որ նստացույց է, և ովքեր են, ինչի համար են անում»:
Մեր պարզաբանումից հետո, թե ովքեր են և թե ինչի դեմ են պայքարում, Բիշարյանն ասաց.
«Ավելի լավ, որ մնացել են: Մենք հանրահավաքին մասնակից ենք եղել, «Հայկական վերածնունդը» բոլոր քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների հետ միասին եղել է Ազատության հրապարակում:
Մենք կարծում ենք, որ հանրահավաքներին մասնակցությունը, բողոքի ձայնը, առաջարկությունները և հետևողական գործընթացները պետք է տանեն նրան, որ էլեկտրաէներգիայի սակագինը չթանկանա:
Եթե նկատել եք, առաջին օրն էլ հանձնաժողովի նիստին մասնակցել է Հովհաննես Մարգարյանը: Մենք փորձում ենք բոլոր գործիքները կիրառել»:
Հարցին, թե ի՞նչ արդյունք կտա նստացույցը, և արդյոք ՕԵԿ-ը կմիանա՞ նստացույցի մասնակիցներին, Բիշարյանն ասաց.
«Նստացույցն ինչ կտա՝ չեմ կարող ասել, տարբերակ է, բայց ոչ ցանկալի: Նստացույցը բողոքի հավաքը նախաձեռնողների որոշումն է, իրենց պետք է հարցնել՝ ինչ կտա նստացույցը:
Իրենք փորձում են իրենք խոսեն, իրենց ձեռքը վերցնեն վահանը: Մենք ոչ տեղյակ ենք, ոչ էլ գիտենք: Ես չգիտեմ՝ ինչ կտա նստացույցը:
«Հայկական վերածնունդը» նստացույցին միանալու հարց չի քննարկել: Մենք պատրաստ ենք բողոքի բոլոր ակցիաներին մասնակցել, որոնք ունեն սոցիալական շեշտադրում, բայց նստացույցի մասին մենք քննարկում չենք ունեցել և որոշում չունենք»: