ԱՄՆ-ի Պետքարտուղարությունը Բաքվում անցկացվող Եվրոպական խաղերի հետ կապված իր քաղաքացիներին զգոնության կոչող հայտարարություն է տարածել:

 

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտարարության մեջ Պետքարտուղարությունը հիշեցնում է արտասահմանում, այդ թվում' Ադրբեջանում ԱՄՆ-ի քաղաքացիների դեմ «ահաբեկչության սպառնալիքների, ցույցերի եւ բռնության այլ ակցիաների» մասին:

 

 

«Մենք ԱՄՆ-ի քաղաքացիներին կոչ ենք անում ծանոթանալ 2015 թվականի հունվարի 9-ին նորացված համապատասխան հրահանգի հետ, մնալ աչալուրջ եւ յուրաքանչյուր կասկածելի գործունեության մասին հայտնել տեղական իրավապահ մարմիններին եւ ԱՄՆ-ի դեսպանատուն:

 

 

Մենք Ադրբեջանում գտնվող մեր քաղաքացիներին խորհուրդ ենք տալիս գրանցվել Պետքարտուղարության Smart Traveler Enrollment Program (STEP) ծրագրում, որը թույլ է տալիս տեղյակ լինել անվտանգության գծով վերջին նորություններից, եւ հեշտացնում է կապը ԱՄՆ-ի դեսպանատան հետ արտակարգ իրավիճակի դեպքում: Եթե դուք Ինտերնետ մուտք չունեք, դուք կարող եք դիմում տալ անմիջապես ԱՄՆ-ի դեսպանատանը: Մենք Ձեզ խորհուրդ ենք տալիս հետեւել մեզ Twitter-ում եւ Facebook-ում», -ասվում է հայտարարության մեջ:

 

 

 

Վերջին տարիներին Ադրբեջանում մի քանի հանցագործություններ են գրանցվել ԱՄՆ-ի քաղաքացիների դեմ: Ամենաաղմկալից սպանությունը եղել է 2000 թվականին Բաքվում ԱՄՆ-ի հանրապետական ինստիտուտի ներկայացուցիչ Ջոն Էլվիսի սպանությունն այն տանը, որում նա ապրում էր: