Երեկ ոչ մի արտասովոր բան տեղի չի ունեցել, ուղղակի նախաձեռնող խումբն այս պահին Բաղրամյան պողոտայում այլևս նախաձեռնող չէ: Այս մասին այսօր Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաաց «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը:

 

Նա «նորմալ» բառով բնորոշեց այն որակումները, թե Ազատության հրապարակ գնացողները դավաճաններ են. «Դա հայի խասիաթ ա, բոլորն էլ պիտի անեն, անգամ կարող են լոլիկով խփել»,- ասաց Շուշանյանը:

 

Դիտարկմանը՝ վստահությո՞ւն կար, որ ոստիկանությունն ուժ էր կիրառելու, թե՞, այնուամենայնիվ, Նախագահի որոշումւը բավարարում էր նախաձեռնող խմբին, Վաղինակն ասաց. «Ո՛չ ոստիկանության ուժի մասին է խոսքը, ո՛չ Նախագահի որոշման, ո՛չ էլ նախաձեռնությունը որոշում է կայացրել: Հանրությունը բաժանվեց երկու մասի, կապ չունի՝ քանի տոկոս հարաբերակցությամբ: Մի մասը մնաց Բաղրամյան պողոտայում, մի մասը եկավ Ազատության հրապարակ: Ես ինքս եկել եմ Ազատության հրապարակ: Ուղղակի էնտեղ այլևս հնարավոր չէր լինի կառավարումը մեր կողմից, որովհետև հայտնվել էին մի քանի կառույցներ, անհատներ, ովքեր հարցը տեղափոխում էին այլ հարթակի վրա, ինչը մեր վերահսկողությունից դուրս կարող էր լինել: Այդ պատճառով այս պահին Բաղրամյան պողոտայում որպես նախաձեռնող հանդես չենք գալիս»:

 

Հարցին, թե Սերժ Սարգսյանի հայտարարությունը հաղթանակի մի մա՞ս էր, Շուշանյանը նշեց, որ սա իշխանությունների կողմից ոչ թե քայլ էր դեպի առաջ՝ ժողովուրդը, այլ հետ քայլ իրենց համար: «Սա հաղթանակ չէ, սա ուղղակի մեծ ճանապարհի մի մասն էր, որն իրենք զիջեցին»,- նկատեց ակտիվիստը:

 

Խոսելով հետագա գործողությունների մասին՝ Շուշանյանն ասաց, որ դեռ քննարկման փուլում է իրենք կմասնակցե՞ն աուդիտին, թե՞ ոչ:

 

Հարցին էլ, թե ինքը գիտի՞ ովքեր են այս պահին Բաղրամյան պողոտայում՝ հարթակում, «Ոչ թալանին» նախաձեռնությանն անդամն ասաց, որ չգիտի և հավելեց, որ ինքը Բաղրամյան պողոտայից է գալիս: Թե ինչպես են իրեն ընդունել հարցին, ասաց. «Նորմալ, ժողովուրդ ջան, ես ազգի դավաճան չեմ»: