«Գազպրոմը» հուլիսի 1-ի Մոսկվայի ժամանակով ժամը 10:00-ից դադարեցրել է գազի մատակարարումներն Ուկրաինային՝ վճարման բացակայության պատճառով: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը:

 

 

«Ուկրաինան չի վճարել հուլիսին գազի մատակարարումների համար: Հուլիսի 1-ի առավոտյան ժամը 10-ից «Գազպրոմի» կողմից Ուկրաինային գազի մատակարարումները դադարեցված են: «Գազպրոմն» Ուկրաինային ոչ մի գնով գազ չի մատակարարի առանց կանխավճարի»,- հայտարարել է Միլլերը:

 

 

«Նաֆտոգազն» ավելի վաղ հայտարարել է, որ 2015 թվականի հուլիսի 1-ից դադարեցնում է գազի գնումը մինչև այն պայմանների համաձայնեցումը, որոնք չեն համաձայնեցվել հունիսի 30-ին Վիեննայում կայացած եռակողմ բանակցությունների ժամանակ: Ըստ որում «Նեֆտոգազը» հուսով է, որ Եվրահանձնաժողովի աջակցությամբ կողմերը մոտ ժամանակներս համաձայնության կհասնեն ՌԴ-ից Ուկրաինային գազի մատակարարումների ընդունելի պայմանների շուրջը և պատրաստ է մասնակցելու այդ հարցի շուրջը եռակողմ բանակցություններին՝ երեք կողմերի միջև համաձայնեցված ժամկետում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: