Հայաստանի Հանրապետության վաստակավոր լրագրող, շախմատային մեկնաբան Գագիկ Հովհաննիսյանի հոգեհանգստի արարողությունը կկայանա հուլիսի 4-ին:

 

Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պատասխանատու քարտուղար Գագիկ Հովհաննիսյանի աճյունը Նորվեգիայից Հայաստան կտեղափոխվի հուլիսի 4-ին: Նույն օրը՝ ժամը 19:00-21:00-ին, Երևանի Կոնդ թաղամասում գտնվող Սուրբ Հովհաննես եկեղեցում կկայանա հոգեհանգստի արարողությունը: Հուլիսի 5-ին ժամը 12:00-14:00-ին Գագիկ Հովհաննսիայնի աճյունը կտարվի նաև իր աշխատավայր՝ Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի կենտրոնական տուն:

 

Գագիկ Հովհաննիսյանը ծնվել է 1947-ին։ 1970-ից եղել է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը։ 1972-ից «Շախմատային Հայաստան» հանդեսի հիմնադիրը և գլխավոր խմբագիրն է։ 1972-ից Հայաստանի հանրային հեռուստատեսության շախմատային մեկնաբանն է: 1995-ից եղել է Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) ժուռնալիստիկայի հանձնաժողովի անդամը: 1998-99 թթ. ճանաչվել է աշխարհի սիրող շախմատիստների 6-րդ չեմպիոն։ 1996-ին ճանաչվել է «Շախմատային Օսկարի», ՖԻԴԵ-ի «Ոսկե գրքի» և «Ոսկե նշանի» դափնեկիր: 1971-ից դասավանդում էր ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում, դոցենտ էր: 2005-ին ստացել է Երևանի մամուլի ակումբի «Հավատարմություն թեմային» մրցանակ: 2007-ին պարգևատրվել է «Մովսես Խորենացի» մեդալով: 2010-ին արժանացել է ԵՊՀ-ի ոսկե մեդալի, Գրիբոյեդովի մեդալի: 2012-ին արժանացել է «ՀՀ վաստակավոր լրագրող» կոչմանը: 2012-ին դարձել է Հեռուստատեսության և ռադիոյի ակադեմիայի պատվավոր ակադեմիկոս: 2012-ին պարգևատրվել է Հայաստանի Ժուռնալիստների միության «Հավատարիմ մասնագիտությանը» ոսկե մեդալով: 51 շախմատային գրքերի հեղինակ է: