Հայաստանի ավիացիոն ոլորտը վերադասավորումների փուլում է: Մի կողմից հայկական շուկան լքում են այնպիսի ավիաընկերություններ, ինչպիսիք են Չեխական և Լեհական ավիաուղիները կամ «Էթիհադ»-ը, մյուս կողմից բանակցություններ են տարվում եվրոպական և ասիական նոր ավիաընկերություների հետ: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ էկոնոմիկայի նախարարության ավիացիոն ոլորտի փորձագետ Աննա Չոբանյանը հայտնեց, որ բանակցային գործընթացներից շատերն արդեն առարկայանում են, սակայն չնշեց, թե որ ընկերությունների կամ չվերթների մասին է խոսքը:
«Բանակցություններ են տարվում տարբեր ավիաընկերությունների հետ, այդ թվում' բյուջետային: Արդեն առարկայական խոսակցություններ կան որոշների հետ, սակայն այդ ընկերությունները դեռ պետք է գան Հայաստան, ուսումնասիրեն դաշտը, կազմեն իրենց ցիկլը, ապա նոր մուտք գործեն շուկա»,- ասաց Չոբանյանը:
Պատասխանելով հարցին, թե պետական գերատեսչությունը ինչպես է բացատրում այն հանգամանքը, որ կարճ ժամանակահատվածում 3 խոշորագույն ավիաընկերություն դուրս եկավ հայկական շուկայից' ավիացիոն փորձագետը հայտնեց, որ նման միտում կա ոչ միայն Հայաստանում: «Այդ տենդենցը կա նաև այլ երկրներում: Դա կոմերցիոն խնդիր է. հնարավոր է ավիաընկերության կողմից լավ չի ուսումնասիրվել շուկան կամ չեն հասել նպատակային շահույթին, հնարավոր է չվերթների վերադասավորություն է իրականացվում: Երբ «Էթիհադը» հայտարարեց, որ դուրս է գալու շուկայից, մենք հանդիպեցինք նրանց հետ' հասկանալու' որն է խնդիրը: Ավաընկերությունն ասաց, որ դա կոմերցիոն որոշում է եղել և կապված չէ պետության կողմից վարվող քաղաքականության հետ»,- ասաց նա:
Իսկ այդ դիտարկմանը, որ շատերը խնդիրը կապում են «Զվարթնոց» օդանավակայանի հետ' ասելով, որ այն թանկ ծառայություններ է առաջարկում ավիաընկերություններին' Աննա Չոբանյանը պատասխանեց, որ օդանավակայանի ներկայացուցիչներն էլ են իրենց հետ հաճախ լինում բանակցություններին և փորձում են հարմար պայմաններ առաջարկել: «Նրանք փորձում են հարմարվել և լավ պայմաններ են առաջարկում: Խնդիրն այն է, որ մեզ մոտ քիչ են ավիաընկերությունները, և երբ մեկը դուրս է գալիս դաշտից, դա ակնառու է լինում»,- ասաց նա:
«Արմենպրես»-ը զրուցեց նաև ՀՀ քաղացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Ռուբեն Գրդզելյանի հետ, ով ներկայացրեց ավիացիոն ոլորտի վերադասավորումները: «Այս պահի դրությամբ եվրոպական ուղղություններից չվերթներ չեն իրականացնում լեհական, չեխական ավիաուղիները, Alitalia ավիաընկերությունը: Սեպտեմբերի 1-ից սպասվում է, որ «Էթիհադ»-ը չի երկարացնի պայմանագիրը: Շուկայից դուրս են եկել նաև ռուսական 6 փոքր ավիաընկերություններ: Այս տարի ավելացել են Էգեյան և Իրաքյան ավիաուղիները, « Գրոզնի ավիան», ինչպես նաև իրականացվելու են Երևան-Թբիլիսի ուղիղ չվերթներ (Երևան- Թբիլիսին սկսել է գործել հունիսի 29-ից, տոմսի արժեքը' սկսած 55 եվրոյից, մեկ ուղղությամբ տոմսի արժեքը միջինում 100 եվրո է - խմբ.)»,- հայտնեց նա:
Այն հարցին, թե շուկան լքած ավիաընկերությունների չվերթները ինչպես են լրացվելու' Ռուբեն Գրդզելյան նշեց, որ չվերթներ կիրականացվեն տարանցիկ քաղաքներով' Մոսկվայով, Ուկրաինայով, Վիեննայով: