ՌԴ քաղաքացի Ելենա Օվսյաննիկովան, որն ակտիվորեն մասնակցել է Բաղրամյան պողոտայի վերջին ակցիաներին, Հայաստանում հասցրել է հարցազրույց տալ երկու լրատվամիջոցի՝ ՀՀ նախկին արտգործնախարար, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանին պատկանող «Սիվիլնեթ» էլեկտրոնային կայքին և «Ազատություն» ռադիոկայանին: Այս մասին գրում է «ՉԻ»-ն:
Երեկ Օվսյաննիկովան «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում սուտ և իր և իր ընտանիքի հասցեին զրպարտանք է որակել Հայաստանի ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանի հայտարարությունը, թե ինքը Բաղրամյանում ծառայությունի իրականացնող ոստիկաններին առաջարկել է սեռական հարաբերություններ ունենալ և որ «պրոֆեսիոնալ ու վճարվող խառնակիչ» է:
Ելենան ՌԴ քաղաքացի է, բայց 12 տարի է՝ ամուսնացած է Հայաստանի քաղաքացի, ծագումով երևանցի Հարութ Մուրադյանի հետ, ունի երկու անչափահաս երեխա, և ընտանիքով տարեսկզբին Մոսկվայից մշտական բնակության է տեղափոխվել Երևան:
«Շղթա կազմած և մահակներով ու վահաններով զինված ոստիկաններին ես հետևյալն եմ ասել՝ մարդիկ առաջին հերթին լսեք ձեզ: Եթե ձեզ նորից հրաման տան մահակներով, վահաններով ու ջրցան մեքենաներով գնալ մարդկանց դեմ, առաջին հերթին հիշեք, թե դուք ով եք, ականջ դրեք ձեր խղճին ու սրտին: Մոտավորապես այսպիսի խոսքերով եմ դիմել ոստիկաններին», ռադիոկայանին պատմել է Ելենան՝ շարունակելով. «Այդ պահին շղթա կազմած ոստիկանների թիկունքից դուրս եկավ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը և ասաց՝ հեռացեք, դուք խանգարում եք, Դուք սադրում եք ոստիկաններին: Ասացի՝ ինչպե՞ս: Այդ ժամանակ փոխոստիկանապետը բացառիկ մի բան ասաց՝ գիտեք, մեր ոստիկանները սեքսի պակաս ունեն, իսկ դուք այստեղ նրանց առջև քայլում եք: Եվ սա ինձ ասում է բարձրաստիճան ոստիկանը»:
Պատմությունն այնուհետև զարգացել է Նարեկ Մալյանի Facebook-ի էջում, որից հետո ՌԴ քաղաքացին որոշել է Մալյանին պատասխանել արդեն լրատվամիջոցներով:
Երեկ տիկնոջ հարցազրույցից հետո համապատասխան գրառմամբ հանդես եկավ Նարեկ Մալյանը: Նա մասնավորապես գրել է.
«Իմ ֆեյսբուքյան ընկերների ու ոչ ընկերների համար պարզաբանում եմ hունիսի 25-ին իմ կողմից տեղադրված ստատուսը։ Խոսքը Բաղրամյան պողոտայում ուկրաինուհիներ ներկայացած երկու կնոջ գործունեության վերաբերյալ իմ գրառումի մասին է։ Հարգելիներս՝ իմ ֆեյսբուքյան էջը որևէ կերպ պաշտոնական համարվել չի կարող։ ՀՀ Ոստիկանության մասով պաշտոնական տեսակետը տեղադրվում է www.police.am կայքում։ Ես օգտվել և շարունակելու եմ օգտվել Ցուկերբերգի ընձեռնած հնարավորությունից սեփական տեսակետը տարածելու նպատակով։ Իմ գրառման մեջ ներառված են բոլոր այն աղբյուրները որոնցից օգտվել եմ գրառումը անելուց։
Իսկ եթե որևէ մեկը վիրավորվել է նրանից, որ ես շարադրել եմ բազմաթիվ մարդկանց աչքի առաջ տեղի ունեցած իրողությունը, ազատորեն կարող է օգտվել ՀՀ օրենսդրությամբ իր պատիվը և արժանապատվությունը պաշտպանելու հնարավորությունից՝ նույնիսկ եթե այդ անձը այլ երկրի քաղաքացի է։
Հ.Գ. Այս թեմայի շուրջ վերոգրյալից առավել որևէ պարզաբանում չեմ պատրաստվում տալ»։
Այնուհետև Մալյանը շարադրել է այն հարցերը, որոնք, ըստ նրա, հմտորեն շրջանցում են այս կանանց պաշտպանները: Հարցերն այսպիսին են.
1. «Ո՞ր երկրի քաղաքացի է ՀՀ ոստիկանությանը կոչեր անող Օվսյաննիկովան:
2. Ո՞վ է և ո՞ր երկրի քաղաքացի է նրա կողքին կանգնած կինը:
3. Ի՞նչ նպատակով էին նրանք անցել աղբամանները, կենդանի պատը և մոտեցել ոստիկաններին:
4. Արդյո՞ք նրանց գործողությունները տեղավորվում էին ցույցի տրամաբանության մեջ և բխում էին ցուցարարների ընդհանուր նպատակներից»:
Ո՞վ է ՌԴ այս քաղաքացին, ինչպե՞ս և ե՞րբ է նա հայտնվել Երևանում, մասնավորապես՝ ինչպե՞ս է ստացվել, որ նրան հարթակ են տրամաադրել որոշ լրատվամիջոցներ և ինչո՞ւ են նրան ագրեսիվ պաշտպանության տակ վերցրել որոշ իրավապաշտպաններ՝ դեռևս հարցական է: Չնայած՝ այս հարցերով արժեր, որ զբաղվեր ԱԱԾ-ն: Մեր գործընկերներին հետևելով՝ մենք էլ այս հարցերն ուղղում ենք ԱԱԾ-ին: Ստացված պատասխաններն ու մեր ձեռքի տակ եղած փաստերը կհամադրենք թերթի առաջիկա համարներից մեկում:
Ինչպես տեսնում եք՝ սեքսի թեման դեռ շարունակում է արդիական մնալ Բաղրամյանի մատույցներում: Ավելին՝ այն անգամ ընդլայնում է իր աշխարհագրությունը՝ թեմայի մեջ ներքաշելով օտարազգիներին, բացառապես արևմուտքի կողմից ֆինանսավորվող լրատվամիջոցներին ու իրավապաշտպաններին: