Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննություն է իրականացվում՝ պարզելու 21-ամյա երիտասարդի մահվան բոլոր հանգամանքները։

 

2015թ. հուլիսի 2-ին ահազանգ է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 16։00-ի սահմաններում, Որոտան գետի ջրամբարում լողանալիս խեղդվել է Սյունիքի մարզի 21-ամյա բնակիչ։

 

Նախնական տվյալներով՝ Սպանդարյան գյուղի բնակիչ, 1994 թ. ծնված Ապետնակ Վաչագանի Պետրոսյանը երկու ընկերների հետ հուլիսի 2-ին՝ ժամը 15-ի սահմաններում, գնացել է Սյունիքի մարզի Սառնակունք գյուղի «Կալաջղ» կոչվող տարածք, միասին հաց կերել, օղի խմել։ Ժամը 16:00-ի սահմաններում Ապետնակ Պետրոսյանը մտել է նույն տարածքում գտնվող Որոտան գետի ջրամբարում լողանալու, որի ժամանակ խեղդվել է:

 

Կատարվել է դեպքի վայրի և դիակի արտաքին զննություն: Դիակի վրա բռնության հետքեր և մարմնական վնասվածքներ չեն հայտնաբերվել: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն՝ պարզելու մահվան պատճառը: Բացատրություններ են վերցվել Ա.Պետրոսյանի հետ միասին «Կալաջղ» կոչվող տարածք գնացած մյուս երիտասարդներից։

 

Հանձնարարություն է տրվել ոստիկանության Սիսիանի բաժնին միջոցներ ձեռնարկել՝ հայտնաբերելու հնարավոր այլ ականատես վկաների, պարզելու դեպքի հանգամանքները։